Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Եթե խնդիրը Երևանն ու Բաքուն չլուծեն՝ ըստ ամենայնի կլուծի Ռուսաստանը, ու կլուծի հօգուտ Ադրբեջանի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն  է 1991-1997թթ. Հայաստանի նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանի խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան, պատմաբան, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը:

– Պարոն Լիպարիտյան, ԼՂ հակամարտության ողջ ընթացքում առաջին անգամ  Մինսկի  խմբի  ամերիկացի  համանախագահ  Ջեյմս  Ուորլիքը  ներկայացրեց  ԱՄՆ  քաղաքականությունը  ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ` ներկայացնելով կարգավորման մաս կազմող վեց տարրեր, որոնք ԱՄՆ-ն է անհրաժեշտ  համարում: Ըստ Ձեզ՝ ո՞րն էր այս մասին բաց տեքստով խոսելու նպատակը, թեև դրանում նոր մոտեցումներ, ըստ էության, կարծես թե չկան:

– Դեսպան Ուորլիքը այդ դասախոսության սկզբում նշել է, որ իր ասելիքները վերաբերում են ԱՄՆ քաղաքականությանը: Նա  այդ վեց կետերը ներկայացրել է որպես եռանախագահողների մոտեցում, որին իրենց սկզբունքային համաձայնությունն են տվել բանակցող երկու կողմերը՝ Ադրբեջանն ու Հայաստանը։ Որքանով ես հասկացա, այդ տեքստի նպատակն ամերիկյան քաղաքականության  ակտիվացումն էր: Թե ժամանակին այդ տեքստի պատրաստության ընթացքում  ԱՄՆ-ն ինչ գործունեություն է ունեցել՝ չգիտեմ, բայց գիտեմ, որ մի քանի տարբերակներ կային՝ սկսած  Մադրիդյան սկզբունքներից: Ես այդ փաստաթուղթը կամ փաստաթղթերը չեմ տեսել: Ինքը կետերն է ներկայացնում: Եվ արդյոք դրանք բոլո՞ր կետերն են, թե՞ ոչ՝ դա էլ չգիտենք, քանի որ նա ասում է՝ վեցը սրանք են: Օրինակ՝ փաստաթղթի նախորդող տարբերակներում կար կետ այն մասին, որ Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման համար պետք է անցկացվի հանրաքվե, որը հետագայում փոփոխեցին՝ ձևակերպելով ժողովրդի կամարտահայտության անհրաժեշտություն: Այդ վեց կետերում չկար այս մասին: Սա երևի թե վերջին տարբերակն է։

Ինձ հետաքրքրում է նաև այն, որ այս վեց կետերի մասին ուրիշները չեն խոսում: Վերջերս մեր արտգործնախարարը հանդիպեց Ռուսաստանի արտգործնախարարին, և այնտեղ կամ լուրջ քննարկում չի եղել, կամ էլ չեն ցանկացել հրապարակայնորեն խոսել այդ մասին։ Եվ այն, ինչ չկա, որ պետք էր լիներ՝ ինձ հետաքրքրում է: Թերևս և ռուսները, և ֆրանսիացիները  համաձայն են, բայց Ուորլիքի ասածն այն է, թե կողմերը սկզբունքային համաձայնություն ունեն  այս վեց կետերի շուրջ։ Մյուս կողմից՝ գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հայտարարեց, որ իրենք համաձայն չեն այս կետերին: Հիմա, թե դա ինչ է նշանակում՝ չգիտեմ:

Ավելի վաղ կազմված փաստաթղթում մի քանի կետեր  կային, որ  այստեղ չկան: Օրինակ՝ երբ խոսում են Լաչինի մասին, նախորդ տարբերակներում, որքան մեզ ասել են, ես գաղտնի թղթեր չեմ տեսել, բայց ինչ որ ասել են, այն է, թե պետք է միջազգային ուժեր տեղակայվեն Լաչինում:Այդ կապակցությամբ ես նունիսկ  խոսել եմ՝ մի քանի քայլ առաջ գնալով ասել, թե միջազգայնացում նշանակում է, որ Լաչինը Ռուսաստանի ձեռքը կանցնի: Բայց Ուորլիքի հայտարարության մեջ այդ պայմանը ուղղակի չի դրվել Լաչինի կապակցությամբ։ («Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը»,- ասել է Ուորլիքը): Հստակ չէ՝ վերադարձված տարածքներում տեղադրվելիք խաղաղապահ ուժերը վերահսկելու են նաև Լաչինի՞ միջանցքը, ինչը կնշանակի հայկական վերահսկողության կորուստ Լաչինի, այսինքն՝ նաև ԼՂ տարածքի նկատմամբ։

Ընդհանուր առմամբ այս փաստաթուղթը շատ ավելի վատն է, քան 1997 թվականի փաստաթուղթը. սա ամենակարևոր կետն է:

– Ինչո՞վ, պարոն Լիպարիտյան:

– Առաջինը՝ 1997 թվականի փաստաթղթով մենք Լաչինը ամբողջությամբ պահում էինք հայկական: Երկրորդ՝ մնացած տարածքները, որոնք հանձնում էինք,  ապազինված էին մնալու: Այսինքն՝ փախստականները կարող էին վերադառնալ, բայց ոչ՝ ադրբեջանական բանակը, ոչ՝ ծանր հրետանին, ոչ՝ թնդանոթը, տանկերը՝ ոչինչ, միայն ոստիկանները՝ իրենց թեթև զենքերով կարգուկանոն պահելու համար: Եվ պետք է լինեին դիտորդներ՝ բացի խաղաղապահ ուժերից: Ուորլիքի բացատրածում նման բան չկա, չգիտեմ՝ այս փաստաթղթի մեջ կա՞, թե՞ ոչ: Նաև 1997-ի փաստաթղթի մեջ չկար միջանկյալ նոր կարգավիճակի հարց. այն կարգավիճակը, որ ԼՂ-ն ու Լաչինն ունեին այդ պահին, այսինքն՝ մեր բացարձակ վերահսկողությունը, մնում էր անխախտ՝ մինչև կարգավիճակի հարցի վերջնական լուծումը բանակցությունների միջոցով։

Այսպես. եթե Ուորլիքի թվարկած կետերը համեմատենք 1997-ի փաստաթղթի հետ՝ այն փաստաթղթի, որ Հայաստանը ի վերջո մերժեց, այսինքն՝ այն, ինչ Տեր-Պետրոսյանը ուզում էր ընդունել որպես հետագա բանակցությունների հիմք, կարելի է միայն եզրակացնել, որ 1997-ի փաստաթղթի պայմանները շատ ավելի ձեռնտու էին մեզ, քան այս 6 կետերը: Անկախ նրանից, թե հիմա այս կետերը ընդունել ենք, թե ոչ, կամ Ղարաբաղը ինչ է ասում, ուրիշներն ինչ են ասում՝ պետք է նախ անդրադառնանք այն հարցին, որ այս փաստաթուղթը շատ ավելի վատն է, քան 1997 թվականի սեպտեմբերին բերված փաստաթուղթը, որի պատճառով նախագահ Տեր-Պետրոսյանին պարտադրեցին հրաժարական ներկայացնել: Իսկ դա շատ կարևոր հանգամանք է՝ հասկանալու համար, թե ինչ ճանապարհ ենք անցել 1997-ից ի վեր, ինչ իրավիճակի առջև ենք այսօր և ուր կարող ենք լինել 10 տարի հետո։

Իսկ թե ինչո՞ւ է այսօր Ուորլիքը խոսում այսքան բաց տեքստով,  կարծում եմ՝ կամ ձև է, կամ ԱՄՆ-ի կողմից սիմվոլիկ փորձ՝ ակտիվացնելու բանակցությունները, երբ  դրանք  մեռած են, և ցույց տալու, որ ԱՄՆ-ն ակտիվ է և նախաձեռնողականություն է  ցուցաբերում. բայց սա նախաձեռնություն էլ չէ փաստորեն, պարզապես հիշեցում է բոլորին:

Կա նաև մի այլ հանգամանք։ Իր ելույթում դեսպանը հույս է հայտնում, որ Սփյուռքի կազմակերպությունները ճնշում կգործադրեն  Հայաստանի, Ղարաբաղի վրա՝ ի նպաստ խաղաղության. սա նորություն է: Մենք գիտենք, որ վերջերս ինքը հանդիպումներ ունեցավ սփյուռքյան տարրերի հետ, և կարծում է, որ Սփյուռքը կարող է գործոն դառնալ այս ամենում: Անշուշտ, Սփյուռքը կարող է գործոն դառնալ, բայց կազմակերպված Սփյուռքը ավելի պահպանողական ու նույնիսկ ծայրահեղ է, քան Հայաստանը: Ուստի՝ եթե միջազգային իրադրությունը նկատի ունենանք` Ռուսաստանի ուժեղացումը, Ուկրաինայի հարցը, Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում, Ռուսաստանի սիրաբանությունը Ադրբեջանի հետ, Ադրբեջանի քննադատությունները ԱՄՆ-ի ու անձնապես դեսպան Ուորլիքի նկատմամբ՝ կարող ենք եզրակացնել որ դեսպանի ելույթը միջոց է՝ ԱՄՆ-ը ներկայացնելու որպես տակավին կարևորություն ունեցող երկիր ու միջնորդ, իսկ դեսպանին՝ որպես անաչառ դիվանագետ:

Ես կասկած չունեմ, որ ԱՄՆ-ն ուզում է հարցերը լուծվեն, բոլորն էլ ցանկանում են հարցը լուծել, բայց բոլորն էլ ցանկանում են իրենց պայմաններով լուծել՝ սա մեկ, դրսի ուժերից  յուրաքանչյուրը  ցանկանում է այնպիսի լուծում, որ ավելանա իր ազդեցությունը, իսկ մյուսինը նվազի: Սառը պատերազմը չէր ավարտվել Կովկասում, այժմ դա կտեսնենք նաև ուրիշ տեղերում:  Եվ սա կազմում է սառը պատերազմի մեկ մասը:

– Պարոն Լիպարիտյան, սա կարո՞ղ է նախադեպ դառնալ նաև Ռուսաստանի համանախագահի համար՝ ներկայացնելու ռուսական տեսակետը,  դիրքորոշումը:  Ձեր կարծիքով՝ պատասխան կլինի՞:

– Չեմ կարծում, որ Ռուսաստանն ինչ-որ բան ասելու կարիք ունի, քանի որ Ռուսաստանը պաշտոնապես մասնակցել է այդ բանակցություններին և ավելի ակտիվ է եղել երկու նախագահների հանդիպումների հարցում:  Հաճախ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան երկրորդական դեր են ստանձնել: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը կարող է ամբողջությամբ լուռ մնալ, քանի որ կարիք չունի խոսելու. հավանաբար, Ռուսաստանը հրապարակային անհամաձայնություն չի հայտնի, որովհետև եթե այդ սկզբունքները կան, Ռուսաստանը տարբեր ձևերով հայտնում է իր դիրքորոշումը: Հիշո՞ւմ եք՝   մեկ շաբաթ առաջ նախագահ Պուտինին մոտ  մարդը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներն է արգելքը:

-Այո, Սերգեյ Մարկովը…

– Այո՛, դա կարևոր հայտարարություն էր: Այսինքն՝  Ռուսաստանն իր ասելիքը ասաց. հիմա մերոնք կհասկանան, թե ոչ, մյուսները կհասկանան, թե ոչ՝ չգիտեմ, բայց Ամերիկան ասում է՝ ո՛չ, մենք արգելք չենք: Բայց ամեն դեպքում դա ապագայի հարց է, և փորձում է ավելի հավասարակշռված բան ասել, բայց ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Իրանը, և ոչ ուրիշ մեկը չի ասել, որ իրենք ուզում են սահմանների փոփոխություն տեսնել կամ Ղարաբաղի անկախություն ճանաչել: Եվ ես կարծում եմ, որ սրանք խաղեր են միմյանց միջև, և ըստ էության՝ բան չի փոխվում: Բայց ցավալին այն է, որ մենք ժամանակի ընթացքում տեղ ենք կորցնում բանակցություններում և ընդհանրապես՝ մեր ասելիքի կարևորության կապակցությամբ:

Պարոն Լիպարիտյան, երկար ժամանակ  խոսվել է խաղաղապահ  ուժերի տեղակայման մասին: Եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, կամ այս մասին խոսակցություններն ավելի իրատեսական դառնան, ո՞վ խաղաղապահ ուժեր կտեղակայի ԼՂ-ում:

– Ես պատկերացնում եմ, որ եթե այնտեղ որևէ փոփոխություն լինի, պիտի ինչ-որ ուժեր մտնեն: Ժամանակին ասել են, որ երեք համանախագահող երկրներից ոչ մեկը չի գա, բայց ես չեմ հավատում դրան: Ամերիկան չի գա,  Ֆրանսիան չի գա, Ռուսաստանը սիրով կգա: Եվ չգիտեմ, թե որ երկիրը պետք է  այնտեղ զինվոր ուղարկի՝ որպես խաղաղապահ ուժ, բայց եթե նույնիսկ խորհրդանշական, այսինքն՝ մոտ 1000-2000, ապա մեծ մասը պետք է լինի ռուսական: Այդ  կապակցությամբ կռիվներ եղել են 1990-ական թվականներին, ԵԱՀԿ-ն ուներ խումբ, որը զբաղվում էր այդ հարցով: Այդ կետն ունի իր անցյալը, որը լուծվեց ի վերջո այն ճանապարհով, որ իբր թե միջնորդները համաձայնեցին, որ իրենք չեն գալու, բայց միջնորդ երկրները այնքան բանի են համաձայնել տարբեր խնդիրների կապակցությամբ, հետո  յուրաքանչյուրն իր անելիքն է արել անկախաբար՝  առանց մտածելու, թե դա ինչ հետևանքներ կունենա փոխվստահության կարևոր բնագավառում: Իմ կարծիքը չի փոխվել, ընդհակառակը՝  շատ ավելի համոզված եմ հիմա այն բանում, որ տասը-տասնհինգ  տարի առաջ էլ ասում էի: Եթե մենք ուղղակի բանակցություններով չլուծենք այս հարցերը, ապա ուրիշն է լուծելու, և այդ ուրիշը շատ ավելի հավանական է, որ լինի Ռուսաստանը, իսկ Ռուսաստանը միշտ էլ ի նպաստ Ադրբեջանի է լուծել:

– Դուք նկատի ունեք հակամարտության կողմերի միջև այդ ուղղակի բանակցություննե՞րը, որոնց մասին խոսել էիք:

– Այո, այո: Այսօր մտածում էի, որ հրադադարի 20-ամյակն է, մայիսին 1994-ի փաստաթղթի տարեդարձն է, բայց այդ հրադադարը գործնականորեն, որպես մշտական (permanent) հրադադար, նկատվեց ոչ թե մայիսի փաստաթղթում, այլ հուլիս-օգոստոսի հավելյալ  փաստաթղթերում, որոնք ուղղակի բանակցված էին, և դա է բանակցություններում միակ հաջողությունը մինչև հիմա:

Ի վերջո պետք է որոշենք՝ սա մե՞ր խնդիրն է, թե՞ ուրիշի: Ինչո՞ւ ենք սպասում, որ ուրիշները մեզ լուծումներ առաջարկեն, մենք էլ ասենք՝ այո կամ ոչ: Ես Բաքվում էլ ասացի այս մասին: Հարցրի, թե ինչու իրենք նախաձեռնություններ, լուրջ առաջարկություններ չեն անում, և քննադատեցի երեք կողմերին էլ, որ նախաձեռնություններ չունեն: Կարծես թե սա Ռուսաստանի կամ Ամերիկայի խնդիրն է: Իսկ եթե այս հարցը լուծի Ռուսաստանը՝ կլուծի ի՛ր խնդիրը և ոչ՝ մերը։

Պարոն Լիպարիտյան,  խոսեցիք հրադադարի 20-ամյակի մասին: Այս երկու տասնամյակի ընթացքում ապրել ենք կրակահերթի պայմաններում՝ոչ պատերազմ-ոչ խաղաղություն պայմաններում: Ինչպե՞ս կարող ենք ամփոփել այս տարիները:

– Իմ ամփոփումն այն է, որ սրանք կորսված տարիներ են Հայաստանի և Ղարաբաղի համար, որ մենք դիվանագիտության մեջ ակտիվ նախաձեռնողականության, մեր հարցերը, մեր պատասխանները ներառող դիվանագիտության և այս հարցի հետևից գնալու փոխարեն՝ ասացինք՝ ոչ, մեր վիճակը լավ է, սա Ադրբեջանի խնդիրն է, և թող գան իրենք մեր պահանջները գոհացնեն: Կամ ասացին՝ սա միջնորդների գործն է: Ինձ համար 97-ից ի վեր տարիները կորսված են: Ասում ենք, թե այսօր ունենք ռազմական առավելություն, տարածքներ ենք գրավել, ազատագրել, բայց տեսնում ենք, որ լուծման պակասը մեզ  հանգեցրել է նրան, որ մեր տնտեսությունը կանգ է առել՝ եթե  երբեմն մեկ- երկու քայլ առաջ ենք գնում, հետո 5 քայլ՝ հետ: Լուծման պակասը հասցրել է նրան, որ մեր երկիրը ամեն բանից հետ է մնացել՝ տնտեսությունը կքանդվի, հարկային բազան կկործանվի, արտագաղթի պատճառով բանակն էլ կպակասի, քանի որ գնացողների մեծ մասը երիտասարդներն են:

97-98-ից հետո մենք թողեցինք մեր դիվանագիտությունը, թողեցինք մեր հարցը և գնացինք այլ ուղղությամբ: Մենք հարց չունենք, ասացինք՝ Ղարաբաղի հարցը մանր հարց է, շրջափակումները մանր հարցեր են, խաղաղության պակասը մանր հարց է, մենք կարող ենք ամեն ինչ կարգի բերել՝ առանց ԼՂ հարցը լուծելու։ Բայց չենք կարողանում կարգի բերել, և արդեն այնպիսի վիճակ է, որ մի քանի մակարդակներով երկիրը ճգնաժամ մեջ է:  Թեև այդ մասին շատ քչերն են խոսում Հայաստանում կամ ԼՂ-ում՝ առանց հաջողելու հրապարակային քննարկման ենթարկելու այս հիմնախնդիրը։

Իմ կարծիքն այն է, որ մեր ապագայի բանալին մեր հարևանների հետ մեր հարցերը լուծելու մեջ է: Մենք պետք է մի հիմնական հարցի պատասխանենք՝ հանուն ապագայի մեր հարևանների հետ խնդիրների լուծումը մեզ անհրաժե՞շտ է։ Եթե մեզ է պետք լուծումը, այդ դեպքում կենտրոնանանք այդ լուծումների վրա։ Ես կարծում եմ, գիտեմ, որ կան ձևեր: Սակայն երբ ասում ենք՝ ոչ, մեզ լուծումներ անհրաժեշտ չեն, արդյունքն այն է, ինչ ունենք. մեր կողմից նախաձեռնողականության պակաս, քաղաքական ու տնտեսական իրավիճակի վատթարացում, քաղաքական երևակայության պակաս։ Այնպես ենք վարվում՝ կարծես տարածաշրջանում մենք հյուր ենք և սպասում ենք, որ միջնորդները մեզ սուրճ բերեն, և հետո ասում ենք՝ չէ, սա դառն է, չէ, մյուսը շատ անուշ է: Ադրբեջանը՝ նույնը:  Չգիտեմ, ես չեմ հասկանում՝ ինչու է այսպես: Ինչո՞ւ մենք մեր պատմության փորձով ու մարդկային հսկայական հնարավորություններով չենք կարողանում երկիրը պահել: Մենք կորցնում ենք, չեմ հասկանում՝ ինչու, չենք հարցնում, չէ,՞ ինչու:

Ժամանակին ասում էինք, թե ԼՂ հարցը  պետք է լուծենք նույն այս սցենարից խուսափելու համար, և լուծելու լավագույն ժամանակը դա էր: Իսկ հիմա տեսնում ենք, որ անգամ դա չենք կարող ստանալ այլևս: 1997 թվականի  սեպտեմբերի փաստաթղթի համար Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ  լավագույնն է, լավագույն ժամանակն է, և պետք չէ հապաղել. Չընդունեցին, և արդեն 16 տարի է, ինչ  մենք իբր թե զարգանում ենք, բայց իրականում երկիրը պարտվում է: Դա նշանակում է՝ տնտեսությունը տկարանում է, բանակի մասին՝ չգիտեմ, բայց մենք չենք խորանում։  Կուրացել ենք կարծես ու չենք տեսնում, չենք վերլուծում, թե ինչու, որտեղից և ուր հասանք: Եվ ուր ենք հասնելու տասը տարուց, եթե նախընտրենք մեր կուրությունը՝ փոքր-ինչ ներքին քաջության ու իրականության հետ հաշվի նստելու փոխարեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում