Սիրիահայ աջակցության «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է առաքելությունը: Նախաձեռնության ներկայացուցիչները պարբերաբար կապի մեջ են Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի առաջնորդի, սիրիահայ շտապօգնության մարմնի ներկայացուցիչների հետ պատերազմական գոտում իրենց գոյությունը պահպանող սիրիահայերի կարիքները հասկանալու նպատակով:
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Օգնիր եղբորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը:
Նրա հավաստիացմամբ՝ որքան էլ, որ «Օգնիր եղբորդ» նախաձեռնության ակունքում ՀՅԴ կառույցներն են, նախաձեռնության նվիրյալները սիրիահայերի աջակցության անհրաժեշտությունը դիտարկում են որպես համապետական հոգս: «Երբ մենք հայտարարեցինք «Օգնիր եղբորդ» նախաձեռնության ստեղծման մասին, ասացինք, որ նախաձեռնությունը քաղաքական, աշխարհագրական սահման չունի: Եվ այդպես էլ եղավ: Խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը իրենց աշխատավարձերից բաժին հատկացրեցին սիրիահայերին աջակցելու համար, գործարարները, քաղաքական դաշտի տարբեր ուժերի ներկայացուցիչները գումար փոխանցեցին նախաձեռնությանը, այսինքն՝ մեկ գաղափար է բոլորիս միավորում՝ լինելիության տագնապ ունեցող սիրիական համայնքին ինչպե՞ս փրկել կործանումից»,- նշեց Լիլիթ Գալստյանը:
Խոսելով նախաձեռնության առաջիկա անելիքների շուրջ՝ նա ասաց, որ այս պահին «Օգնիր եղբորդ» նախաձեռնության պահեստներում կա 40 տոննայից ավելի պարենմթերք և մոտավորապես 5 հարյուր տոննա դեղորայք:
Նրա փոխանցմամբ՝ մոտավորապես 200 սիրիահայի, որոնք հաստատվել են Հայաստանում, կոշիկ են տրամադրել, 150 ընտանիքի՝ 10-15 կգ-անոց պարենմթերքի արկղեր, մոտավորապես 200 հոգու՝ տաք ծածկոցներ, ևս 200-ը տաք ծածկոցներ կստանան առաջիկա շաբաթվա ընթացքում: «Շարունակում ենք ցուցակագրել կարիքավոր սիրիահայերին: Միայն սնունդի չէ, որ կարիք ունեն, առողջապահական, իրավաբանական խորհրդատվության կարիք ևս ունեն, փորձում ենք այդ հարցերում ևս աջակից լինել: Հալեպ ուղարկվելիք հումանիտար օգնության հաջորդ խմբաքանակը պատրաստ է, անընդհատ ճշտում ենք՝ ինչպես և երբ ուղարկել դրանք»,- պարզաբանեց նախաձեռնության անդամը՝ հավելելով, որ շարունակում են
բեռի փոխադրման առավել հարմար ճանապարհներ որոնել: Լիլիթ Գալստյանը եզրափակեց իր խոսքն ընդգծելով, որ պետք է ամեն ինչ անել անորոշության, տագնապի մեջ գտնվող սիրիահայ համայնքին աջակցելու համար:
Հիշեցնենք, որ սիրիահայ աջակցության «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության առաջին մարդասիրական ինքնաթիռը՝ բեռնված 14 տոննա պարենմթերքով, հոկտեմբերի 15-ին էր ուղևորվել Հալեպ: Իսկ պարենմթերքի երկրորդ խմբաքանակը սիրիահայերին հասել էր հոկտեմբերի 23-ին: Շուրջ 2 ամիս ձևավորված նախաձեռնությանը միացել են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ, բարերարներ, անհատներ, գործարարներ:
«Օգնիր եղբորդ» նախաձեռնության բանկային հաշվեհամարը ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿՈՒՄ է` 23800 AMD 01157620300, 23800 USD 01157620401։








































