Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ` Վրաստանում դադարեցվել են «Իմեդի» հեռուստաընկերության 36 լրագրողների աշխատանքային պայմանագրերը: Օրեր առաջ հեռուստաընկերությունը վերադարձվել էր ընդդիմադիր օլիգարխ, հանգուցյալ Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքին:
Աշխատանքից հեռացվածները Վրաստանում հայտնի լրագրողներ են, որոնք այս կամ այն չափով մասնակցել են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու նրա «Միասնական ազգային շարժում» կուսակցության PR կամպանիաներին` սյուժեներ պատրաստելով տվյալ ժամանակվա ընդդիմության մասին, որը հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով եկել է իշխանության:
Վերջին տարիներին հեռուստաընկերությունը Սաակաշվիլիի ու նրա մերձավորների հենարանն էր: Այն ղեկավարում էր էկոնոմիկայի նախկին նախարար Գեորգի Արվելաձեն, որին էր պատկանում հեռուստաընկերության բաժնետոմսերի 45 տոկոսը:







































