Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը պլանավորել է մինչև ընթացիկ տարեվերջ (ավարտվում է մարտի 20-ին) ընդլայնել ազգային երկաթուղային ցանցը: Այս մասին հայտարարել է «Իրանական երկաթուղիներ» ընկերության տնօրեն Աբդոլ Ալի Սահեբը:
Վերջինիս խոսքերով` հաշվետու ժամանակահատվածում կառուցվելու է մոտ 420 կիլոմետր երկաթուղի: Նա ընդգծել է, որ մոտ ապագայում գործարկվելու են 10 նոր լոկոմոտիվներ: Իրանի տարեկան արտադրական հզորությունը կազմում է 120 լոկոմոտիվ: Լոկոմոտիվների արտադրության գործարանը շահագործման է հանձնվել հուլիսին` երկրի հյուսիսում ընկած Ալբորզ նահանգում:
Այդ նախագծում ներդրվել է 480 միլիոն եվրո և 1 տրիլիոն ռիալ: Ներկայում Իրանում գործող երկաթուղագծերի ընդհանուր երկարությունը 25.000 կիլոմետր է:




































