Ռուսաստանի մշակութաբանության ինստիտուտի փորձագետներն ուսումնասիրել են էքստրեմիզմի առկայությունը Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմում և արգելված ոչինչ չեն գտել: Այս մասին հայտնել է ինստիտուտի տնօրեն կինոքննադատ Կիրիլ Ռազլոգովը:
Նա ասել է, որ իրենց ինստիտուտի եզրակացությամբ` ֆիլմը գեղարվեստական ստեղծագործություն է, ոչ թե հրապարակախոսական արտահայտում, որ հեղինակն իրավունք ունի որպես տարբերակ քննարկել ցանկացած իրավիճակ: Նա ավելացրել է, որ ֆիլմում դատապարտելի ոչինչ չկա` չնայած այն չի համապատասխանում քրիստոնեական դոգմաներին:
Ռուսաստանի մշակութաբանության ինստիտուտի կարծիքի հետ համամիտ են ՌԴ կինեմատոգրաֆիստների, կինոգետների և կինոքննադատների միության նախագահ Անդրեյ Շեմյակինը և ռեժիսոր Պավել Լունգինը:
Նոյեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ Մոսկվայի դատախազությունը պատրաստվում է ստուգել «Քրիստոսի վերջին գայթակղությունը»: Հիմքը Գլխավոր դատախազության խնդրանքն էր, որին նույն խնդրանքով դիմել էր Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Ստարավոյտովը:
Սկորսեզեի ֆիլմն էկրան է բարձրացել 1988-ին: Այն թողարկումից անմիջապես հետո քննադատվել է կրոնական կազմակերպությունների կողմից:









































