Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները կարողանում են գուշակել այն թեմաները, որոնք Twitter-ի թրենդների շարքում կլինեն: Այս մասին հայտնի է դառնում համալսարանի կայքում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ:
Աշխատանքի հեղինակներ պրոֆեսոր Դևավրատ Շահն ու նրա ուսանող Ստանիսլավ Նիկոլովը պնդում են, որ իրենց ալգորիթմի միջոցով հնարավոր է գուշակել ակտուալ թեմաները միջինը կես ժամ առաջ այն բանից, երբ դրանք կհայտնվեն Twitter-ի թրենդերի շարքում: Որոշ դեպքերում տարբերությունը հասնում է 4-5 ժամի:
Գուշակության ճշգրտությունն 95 տոկոս է: Հեղինակները կարծում են, որ իրենց ալգորիթմը կարող է օգտակար լինել Twitter-ին. իմանալով, թե որոնք կլինեն գլխավոր թեմաները` ծառայությունը կկարողանա գովազդներ առաջարկել այդ թեմաներով: Իրենց ուսումնասիրության արդյունքները Շահն ու Նիկոլովը կներկայացնեն նոյեմբերի 9-ին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում:
Twitter-ի թրենդները բառեր և արտահայտություններ են, որոնք այդ պահին ամենից հաճախ են օգտագործվում «թվիթներում»:











































