Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում հաստատվել է «Ազատ հանրահավաքների մասին» օրենքում, ինչպես նաև Քրեական օրենսգրքի վարչական իրավախախտումների օրենքում ուղղումներ կատարելը:
105 պատգամավոր քվեարկել է այդ ուղղումների օգտին, 5-ը՝ դեմ, իսկ 1 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Ըստ այդ ուղղումների՝ օրենսդրորեն արգելված հանրահավաքների կազմակերպումը, անցկացումը կամ մասնակցությունը, որը կարող է հանգեցնել քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի զգալի խախտմանը, այսուհետ պատժվելու է 5000-8000 մանաթով (1 դոլարը հավասար է 0.78 մանաթի): Ցայժմ այդ տուգանքը կազմում էր մինչև 300 մանաթ:
Հրազենով, սառը զենքով, պայթուցիկ նյութերով, ինչպես նաև մարդկանց առողջական վիճակին սպառնացող այլ առարկաներով ու նյութերով ակցիային մասնակցելու համար նախատեսվում է դարձյալ 5000-8000 մանաթ տուգանք (մինչ այս տուգանքի չափը կազմում էր 100-500 մանաթ)։
Իսկ այնպիսի գործողություններ կազմակերպելը կամ դրանց ակտիվորեն մասնակցելը, որոնք կարող են հանգեցնել տրանսպորտի, հիմնարկների, վարչությունների ու կազմակերպությունների նորմալ գործունեության խախտմանը կամ էլ հասարակական կարգի կոշտ ոտնահարմանը, պատժվելու է 5000-8000 մանաթով (մինչ այս՝ մինչև 500 մանաթ):









































