Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը լրագրողների հարցին ի պատասխան` ասաց, որ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի՝ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միավորվելու և գործող ռեժիմի դեմ պայքարելու հայտարարությունը զուտ Զուրաբյանի անձնական տեսակետն է:
«Էդ ֆրազան իր անձնական կարծիքն է: Ինքն էլ ասեց, որ դա անձնական կարծիք է»,- նշեց Բագրատյանը:
Հարցին, թե ՀԱԿ-ում ինչ են մտածում ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Մի անգամ հարցրել եմ ՝ ի՞նչ լուրջ բան կա «Բարգավաճ»-ի հետ, բացատրեք` իմանամ, ինձ հանգստացրել են, չնայած այնպես չի, որ եթե իմանամ ինչ-որ բան կա «Բարգավաճ»-ի հետ, ես դրանից կվատանամ. պարզապես պիտի իմանամ: Ինձ ասել են, որ ըտեղ առանձնապես բան չկա, մարտավարության հարցեր են: Բայց մարտավարություն` մարտավարություն, ես տեսնում եմ, որ շատ մարդիկ հենց սկսում են խոսել, անպայման խոսում են «Բարգավաճ»-ից:
Ես չեմ բացառում, որ մեր տակը բան էլ չկա: Դե, եթե տակը բան էլ չկա, վաղը-մյուս օրը հերթական անգամ մի հիմար կացության առաջ ենք կանգնելու: Ինչքան ա սա լուրջ, ինձ հայտնի չի: Սովորաբար կարևորագույն որոշումները քննարկվում են, բայց որևէ որոշում «Բարգավաճ»-ի կամ այլ կուսակցության մասով մենք չենք քննարկել: Իմ կարծիքով՝ որոշ մարդիկ այդտեղ շտապում են»,- նշեց Բագրատյանը՝ չմանրամասնելով, թե ով է ասել, որ զուտ մարտավարության խնդիր է: Նա խորհուրդ տվեց՝ ջուրը մտնելուց առաջ չբոբիկանալ:
Անդրադառնալով նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելու վերաբերյալ հարցին՝ Հրանտ Բարգրատյանն ասաց` Տեր-Պետրոսյանն իրենց համար շատ ընդունելի և անառարկելի թեկնածու էր և թեկնածու է: «Ինչ կորոշի նա` չեմ կարող ասել: Հայ ազգային կոնգրեսում հարցն այնքան դելիկատ է, որ ես չեմ կարող ինձ թույլ տալ և մեկին հարցնել՝ ի՞նչ ես մտածում»,- ընդգծեց նա:
Միաժամանակ Հրանտ Բագրատյանն ասաց, որ ՀԱԿ-ն ունի այնպիսի անդամներ, որոնք կարող են լինել թեկնածու: Սակայն այս պահին ճիշտ մոտեցումն այն է, որ սպասեն և տեսնեն, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ որոշում կկայացնի:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































