Հայաստանի գործող ատոմային էներգաբլոկի գործարկման անձնագրային ժամկետը 2016 թվականն է, սակայն նախագծից դուրս անվազն 10 տարվա պաշար ունի ատոմակայանը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
Հայաստանի կառավարությունը բոլորովին վերջերս 10 տարով երկարացրեց ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի գործունեության ժամկետը: «Եթե վտանգավոր լիներ, նախագծային ժամկետի երկարացման հարցը չէր քննարկվի: Թե քանի տարով կերկարացվի իրականում, որքան ռեսուրս ունի ատոմակայանը՝ ցույց կտան ուսումնասիրությունները: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման ատոմակայաններն առնվազն 10 տարվա շահագործման լրացուցիչ ժամկետ ունեն»,- ասաց Մարտիրոսյանը:
Անդրադառնալով ՀԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի հայտարարություններին` Աշոտ Մարտիրոսյանը նշեց, որ ոչ մի երկիր իրավունք չունի պահանջելու ուրիշ երկրից, թեկուզ դա լինի հարևան երկիր, դադարեցնելու էներգաբլոկի գործունեությունը:
Ըստ բանախոսի` Հայաստանի գործող ատոմային էներգաբլոկը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: ՄԱԳԱՏԷ-ի, ԱՄՆ-ի ու Եվրամիության մասնագտները, ըստ Աշոտ Մարտիրոսյանի, պատրաստակամ են աջակցելու մեր ատոմակայանի անվտանգության բարձրացմանը: Հայկական կողմն արդեն ատոմակայանի սթրես-թեստ է անցկացրել, որի արդյունքները հոկտեմբերին ներկայացրել է Եվրամիության մասնագետերին: Նախատեսվում է, որ Եվրամիության մասնագետների մասնակցությամբ նույնպես սթրես-թեստ կանցկացվի:
«Թուրքիայի հայտարարությունն առաջինը չէ, բայց դա տեխնիկական ու իրավական հիմք չունի, քաղաքական բնույթի է»,- ասաց մասնագետը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառնալիքներին, ապա Աշոտ Մարտիրոսյանը նշեց, որ Հայկական ատոմակայանը ֆիզիկապես ընդգրկված է Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգում: Ատոմակայանին վնասելու համար պետք է հաղթահարեն Հայաստանի բազմաշերտ հակաօդային համակարգը: «Ոչ ոք թույլ չի տա, որ որևէ թռչող առարկա ընկնի ատոմակայանի վրա»,- ընդգծեց բանախոսը:
ՀԱԷԿ-ի գործող բլոկը կմնա այնքան, քանի դեռ նորը չի հանձնվի շահագործման: Իսկ թե երբ շահագործման կհանձնվի նոր էներգաբլոկը, Աշոտ Մարտիրոսյանը դժվարացավ պատասխանել: Ռուսական ԱԷԿ-92 նախագծով կառուցվելիք ատոմակայանն առաջինն է լինելու մեր տարածաշրջանում: Աշոտ Մարտիրոսյանը նշեց, որ ատոմակայանի կառուցման ծախսը մոտ 5 մլրդ դոլար կկազմի:
Հաջորդ շաբաթ արդեն կառավարության հաստատմանը կներկայացվեն նոր ատոմակայանի նախագծային անվտանգության պահանջները և սեյսմիկ վտանգի գնահատման մեխանիզմը: Թե երբ կմեկնարկեն շինաշխատանքները, ըստ Աշոտ Մարտիրոսյանի, դեռ անորոշ է:










































