Նախագահական ընտրություններին ընդառաջ հոկտեմբերի 9-20-ը ՀՀ ամբողջ տարածքում Gallup International Association-ի հայաստանյան գրասենյակը հարցում է իրականացրել: Հարցվածները շուրջ 1067-նն են, հարցման ընտրանքի սխալը կազմում է 3%: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Gallup International Association-ի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը, հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը ներկայացրին առաջիկա նախագահական ընտրությունների հետազոտությունների արդյունքները:
Գայանե Դաջունցը, խոսելով հարցումների ընթացքում տրված հարցերից, ասաց, որ ուղղվել են հարցեր՝ «Ինչպե՞ս եք գնահատում երկրում սոցիալ-տնտեսական վիճակը», «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ կառավարության գործունեությունը», «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նախագահի աշխատանքը», «Ո՞ւմ կընտրեիք նախագահ, եթե նախագահական ընտրությունները անցկացվեին գալիք կիրակի օրը»:
Արման Նավասարդյանը ներկայացրեց, որ հարցին՝ «Ո՞ւմ կընտրեիք նախագահ ընտրություններում, եթե դրանք անցկացվեին գալիք կիրակի օրը», հարցվածների 28 %-ը պատասխանել է՝ Սերժ Սարգսյանին, 19 %-ը՝ Գագիկ Ծառուկյանին, 11 %-ը՝ Ռոբերտ Քոչարյանին, 4 %-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, 3 %-ը Լևոն Տեր-Պետրոսյանին, 3 %-ը՝ Վարդան Օսկանյանին, 1 %-ը՝ Վահան Հովհաննիսյանին:
Ըստ Ա. Նավասարդյանի՝ նախագահական ընտրություններում ֆավորիտները Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանն են:
«Ո՞ւմ հեղինակությունն է ավելի բարձր» հարցին հարցվածների 32 %-ը պատասխանել է՝ Սերժ Սարգսյանի, 29 %-ը՝ Գագիկ Ծառուկյանի, 9 %-ը՝ Ռ. Քոչարյանի, 7 %-ը՝ ոչ մեկի, 4 %-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, 3 %-ը՝ Վարդան Օսկանյանի, 3 %-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, 2 %-ը՝ Վահան Հովհաննիսյանի, 2 %-ը՝ Արթուր Բաղդասարյանի։
Հարցումների ամբողջական արդյունքները կներկայացնենք քիչ ուշ:










































