Վաշինգտոնի ոստիկանությունը հետաքննում է ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակցի մահը, որը զբաղվել է պետության առաջին դեմքերի, այդ թվում երկրի նախագահ Բարաք Օբամայի պաշտպանությամբ:
47-ամյա ավագ գործակալ Ռաֆայել Պրիետոյին մահացած են հայտնաբերել Վաշինգտոնում անցած շաբաթ:
Ինչպես ենթադրվում է, Օբամայի թիկնապահը ինքնասպան է եղել՝ թունավորվելով գազից, հաղորդում է Associated Press-ը:
Թիկնապահի մարմինը հայտնաբերվել է նրան պատկանող մեքենայում, որի շարժիչը միացված է եղել:
Գործակալությունը չի հաղորդում՝ արդյո՞ք նրա մոտ եղել է ինչ-որ հրաժեշտի գրություն, թե՞ ոչ: Ինքնասպան լինելու շարժառիթների մ ասին նույնպես որևէ բան չի հաղորդվում:
«Պրիետոն ուներ 20-ամյա աչքի ընկնող կարիերա: Մենք ցավում ենք նրա կորստյան համար»,- հայտարարել է ԱՄՆ գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:
AP-ն հաղորդում է, որ Պրիետոն ամուսնացած է եղել, մահվանից որոշ ժամանակ առաջ հայտնվել է կասկածի տակ՝ արտասահմանցի կնոջ հետ կապի պատճառով: Ինչպես պարզվել է, օրինակելի գործակալը վարել է երկակի կյանք, երկար տարիներ ունեցել է մեքսիկացի սիրուհի:
Նշենք, որ գործակալներին արգելվում է որևէ կապ ունենալ արտասահմանցիների հետ, որպեսզի բացառվի ազգային անվտանգության ռիսկը:
Սյնուամենայնիվ որևէ ապացույց չկա, որ Պրիետոյի հարաբերությունները ԱՄՆ-ի համար ինչ-որ սպառնալիք են ներկայացրել:









































