ԱՄՆ-ն հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին և շարունակում իր գործունեությունը որպես համանախագահ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին՝ փոխանցում է Պետդեպի կայքը:
Պատասխանելով հարցին այն մասին՝ կապ կա՞ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների միջև, Պսակին նշել է, որ տեղեկացված չէ այդ մասին: «Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին և մնում ենք խմբի համանախագահ: Ուկրաինայում մեր ջանքերի մասին դուք տեղեկացված եք»,-ասել է նա:
Մեկնաբանելով «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման ուղիները» թեմայով զեկույցով ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը, Պսակին նշել է, որ համանաագահը հանդես է եկել ելույթով, որն արտացոլում է ԱՄՆ քաղաքական գիծը: «Ամերիկացի համանախագահը պատմել է հիմնարար սկզբունքների մաիսն, որոնք կծառայեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է նա:
Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ դա երկարաժամկետ դիրքորոշման և այդ գործընթացին ԱՄՆ-ի հավատարիմ լինելու հերթական շեշտադրումն է:









































