Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ռուսթավիի թիվ 16 բանտում շարունակվում է բանտարկյալների հացադուլը: Ներկայիս դրությամբ, հացադուլին մասնակցում է 17 բանտարկյալ, որոնցից 11-ը տառապում են ՁԻԱՀ-ով և հրաժարվում են ընդունել դեղորայք:
ՁԻԱՀ-ով հիվանդ բանտարկյալներն իրենց ազատազրկումը կրում են մեկ բանտախցում, նրանց առողջական վիճակը շատ ծանր է. բացի ՁԻԱՀ-ից, նրանք տառապում են նաև տուբերկուլյոզով և հեպատիտ C-ով: Նրանցից մեկը հայտնել է, որ որպես բողոքի նշան՝ հրաժարվում է դեղորայք ընդունել սեպտեմբերի 29-ից:
Բանտարկյալի խոսքերով՝ իրենք պահանջում են պատժի հետաձգում, ինչը նախատեսված է օրենքով՝ սպառնալով, որ հակառակ դեպքում չեն դադարեցնի հացադուլը: Այդ 11 բանտարկյալներից բացի, ևս 6 բանտարկյալ պահանջում է աշխատանքից հեռացնել բանտի նորանշանակ պետին և բանտի 23 աշխատակիցների, որոնք աշխատել են բանտի նախկին ղեկավարության ժամանակ:









































