Եվրասիական տնտեսական միության ստեղծման մեջ անլուծելի հարցեր չկան՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Ինչպես ընդգծել է Լուկաշենկոն, կան որոշակի հակասություններ այդ միության ստեղծման մասին փաստաթղթի նախապատրաստման գործում: «Չկան անլուծելի հարցեր, դրանք բոլորը լուծելի են, պետք է միայն կանգ չառնել ձեռք բերվածի վրա»,- ասել է նա:
Բելառուսի առաջնորդը հիշեցրել է, որ ՌԴ վարչապետը կանգնած է եղել այդ գործընթացի «ակունքում»: «Եվ չեմ ամաչում դրանից»,- ասել է Մեդվեդևը:
Լուկաշենկոն նշել է, որ ցանկանում է քննարկել ապագա միության նախապատրաստությունները, միասնական տնտեսական տարածքի ստեղծումը հենց Մեդվեդևի հետ: «Մենք միասին ենք ստորագրություն դրել»,- ասել է Լուկաշենկոն: «Միասին էլ պատասխանատվություն կկրենք»,- հավելել է Մեդվեդևը:
Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ տնտեսական թեմատիկայի քննարկումը կարևոր է Եվրոպայում և աշխարհում տնտեսական դժվարությունների լույսի ներքո:
Ավելի վաղ Բելառուսի իշխանությունները հայտարարել էին, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրման Մինսկի պատրաստակամությունը կախված կլինի նավթավերամշակման ոլորտում աշխատանքի շուրջ Ռուսաստանի հետ երկկողմ պայմանավորվածություններից: Ներկայում Բելառուսը նավթ է ստանում Ռուսաստանից առանց արտահանման տուրքերի վճարման, սակայն ռուսական բյուջե ուղղում արտահանման մաքսատուրքեր՝ այդ նավթից պատրաստված մթերքների համար:
Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին եռակողմ պայմանագիրը ծրագրվում է ստորագրել մայիսի 29-ին, Աստանայում կայանալիք գագաթնաժողովին:









































