Թայլանդի Սահմանադրական դատարանը պաշտոնից ազատել է երկրի վարչապետի պաշտոնակատար Յինգլակ Չինավաթին և նրա կաբինետի մի քանի անդամի: Դատական կոլեգիայի վճռի համաձայն՝ կառավարության ղեկավարի կադրային որոշումներից մեկը ճանաչվել է ոչ սահմանադրական, հայտնում է ITAR-TASS-ը:
Դատարանը հրաժարվել է նոր վարչապետ նշանակել՝ ճշգրտելով, որ գործող կառավարությունն իր պարտականությունները կկատարի մինչև նորի ընտրվելը: Նախարարների կաբինետի մնացած անդամները պետք է մոտ ժամանակներս հայտարարեն, թե ով կղեկավարի կառավարոթյունը: Դատարանի որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես:
Այն մասին, որ Չինավաթի գործողությունները հակասում են Թայլանդի հիմնական օրենքին, դատարան հայց է ներկայացրել ընդդիմադիր սենատորների խումբը: Հայցը վերաբերում է Թայլանդի Ազգային անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Թավիլ Պլիենսրիի՝ 2011-ին պաշտոնից հեռացնելու որոշմանը: 2013-ի մարտին անվտանգության խորհրդի նախկին ղեկավարն այդ որոշումը հաջողությամբ վիճարկել է Գերագույն վարչական դատարանում: Հիմա նա նորից զբաղեցնում է իր պաշտոնը:
Դատարան դիմած սենատորները պնդում են, որ «վարչապետն իրավունք չուներ ազատել նրան՝ ելնելով անձնական շահերից»: Ըստ նրանց՝ Պլիենսրիին ազատել են իշխող «Պիա Թայ» կուսակցության շահերից ելնելով:









































