ՀՀ-ն կմիանա Եվրասիական միասնական տնտեսական միությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը՝ խոսելով Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության ընթացակարգի մասին:
Նա նշեց, որ Ուկրաինայի, Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան նոր տնտեսական միասնական տարածքի շուրջ քննարկումների, Հարավային Կովկասի շուրջ գոյություն ունեցող աշխարհաքաղաքական և ռազմավարական հետաքրքրությունների առումով տարածաշրջանային գործընթացները բավականին հետաքրքիր են, որտեղ ՀՀ արտաքին քաղաքականությունը շարունակում է պաշտպանել իր որդեգրած մոտեցումը՝ «և-և» -ի քաղաքականությունը:
Ըստ նրա՝ մեր արտաքին քաղաքական շահերը պաշտպանելով՝ շարունակում ենք հետևել ՄՄ շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին և հետևողականորեն կատարել ՄՄ անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումները: Ներքին խնդիրները լուծված են, այսօր ՀՀ-ն պատրաստ է գնալ ՄՄ ինտեգրացիային:
Բանախոսը տեղեկացրեց, որ համաձայն Մինսկում հանդիպման արդյունքների՝ նախապատրաստվում է փաստաթուղթ, որն առաջիկա ամսվա ընթացքում հնարավորություն կստեղծի ստորագրելու և ներպետական գործընթացներն անցնելու: Նա նշեց, որ մայիսի վերջին նախատեսվում է ստորագրել փաստաթուղթ Եվրասիական միասնական տնտեսական տարածքին միանալու մասին:
«Համաձայն Մինսկում արված հայտարարության՝ նախապատրաստվելու է միասնական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագիր»,- հստակեցրեց նա:
Հարցին, թե ՄՄ անդամակցություն այլևս չի՞ նախատեսվում, ասաց, որ ՄՄ-ն վերակազմավորվում է Եվրասիական միասնական տնտեսական միության, ուստի նախատեսվում է այդ միությանն անդամակցելու համաձայնագրի ստորագրություն՝ ՄՄ կանոնների հիմքի վրա: Նրա խոսքով՝ Հայաստանը միանալու է վերակազմավորվող միությանը որպես հիմնադիր անդամ:
Հարցին, թե ինչո՞ւ ՀՀ-ն չմասնակցեց Մինսկում կայացած նիստին Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների հետ, նա ասաց՝ քանի որ դեռ այդ կազմակերպության անդամ չենք, մենք այդ անդամակցության գործընթացում ենք, ուստի չենք մասնակցել:
Անդրադառնալով վերլուծաբան Անդրանիկ Միհրանյանի դիտարկումներին, թե Եվրասիական միասնական տնտեսական միության վերպետական կառույցները նաև քաղաքական որոշումների իրավունք են ունենալու, ասաց, որ Հայաստանը անդամակցում է տնտեսական միությանը, Հայաստանն իր անդամակցության հիմքում դնում է տնտեսական և անվտանգության խնդիրներ, բայց չի դնում խնդիր, որ իր ինքնիշխանության և սուվերեն որոշումներ կայացնելու իրավունքները սահմանափակվեն: Նա նաև հստակեցրեց Անդրանիկ Միհրանյանի տված հարցազրույցի այն միտքը, թե ՄՄ-ին միանալու որոշումը գործարք էր՝ ասելով, որ չկա գործարք, գոյություն ունեն կայուն շահեր:
Դիտարկմանը, թե վստա՞հ է արդյոք, որ ՀՀ-ն կմիանա այդ միությանը՝ բանախոսն ասաց, որ դա կախված է բազմաթիվ գործոններից, և քանի դեռ պաշտպանված են ՀՀ շահերը և ակնկալիքները, ՀՀ-ն նշահագրգիռ է միանալ և լիարժեք անդամակցել այդ միությանը: Այս պահի դրությամբ, նրա հավաստիացմամբ, խոչընդոտող հանգամանքներ չկան:
Հիշեցնենք, որ Մոսկվայում սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստվում է միանալ Մաքսային միությանը: Սակայն, ինչպես ընթացքն է բացահայտում, ՄՄ անդամակցությունն այլևս առաջնահերթություն չէ, քանի որ ձևավորվում է Եվրասիական տնտեսական միությունը:
Լուսանկարը` PAN Photo-ի







































