Դենիել Քրեյգը հերքել է լուրերն այն մասին, որ Բոնդի մասին ֆիլմի պրոդյուսերները ծրագրել են նկարել երկու մասանոց ժապավեն 007 գործակալի մասին` գրում է NME-ն:
Երկու մասանոց ֆիլմի նկարահանման մասին լուրերը սկսեցին շրջանառվել մամուլում դեռ հոկտեմբերի վերջից: Հաղորդվում էր, որ Ջոն Լոգանը («Գլադիատոր», «Վերջին սամուրայը», «Ավիատորը») աշխատում է ժապավենի սցենարի վրա:
Ընդգծվում է նաև, որ սյուժեի հիմքում պետք է ընկած լիներ Յան Ֆլեմինգի ստեղծագործություններից մեկը:
Այժմ Քրեյգը հայտարարում է, որ ֆիլմի ստեղծումը «անհնար է»:
«Չգիտեմ, թե որտեղից են վերցրել այդ տեղեկությունը: Երկու մասանոց ֆիլմ նկարելն անհնար է: Մեկ ֆիլմի նկարահանման աշխատանքների համար անհրաժեշտ է 6 ամիս: Չի կարելի աշխատել նոր ֆիլմի սյուժեի հիման վրա՝ չավարտելով մյուսի նկարահանումները»,- ասել է դերասանը:
Քրեյգը արդեն նկարահանվել է Բոնդի մասին 3 ֆիլմերում:
Վերջին ֆիլմը վարձույթ դուրս եկավ հոկտեմբերի 26-ին: Այն արդեն հասցրել է վաստակել 96 մլն դոլար:








































