Հոկտեմբերի 31-ին Չեխիա պաշտոնական այցի երրորդ օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին հանդիպումը ՉՀ առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի հետ էր :
Ողջունելով ԱԺ նախագահին և պատվիրակության անդամներին ` Չեխիայի արտգործնախարարը կարևորել է Հովիկ Աբրահամյանի այցը հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու և խորացնելու առումով: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` նա կարևորել է Հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը և նշեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի իշխանությունների, մասնավորապես արտաքին գործերի նախարարության հավասարակշռված դիրքորոշումը: Աժ նախագահը շնորհակալություն հայտնեց սաֆարովյան հարցում Չեխիայի ԱԳՆ դիրքորոշման և խիստ գնահատականի համար: Նա բարձր է գնահատել Կարել Շվարցենբերգի` խորհրդարանական հարց ու պատասխանի ժամանակ Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բոհնիշի` Սաֆարովի արտահանձման և ներում շնորհելու վերաբերյալ հարցին նրա հնչեցրած գնահատականը: /Հիշեցնենք, որ նիստի ժամանակ նա մասնավորապես ասել է. «Չեխիան տվյալ հարցում Հայաստանի կողմն է և այդ քայլերը վնասում են ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վստահությունն ամրապնդելու միջազգային հանրության ջանքերին, թուլացնում խաղաղ բանակցությունների գործընթացը: Սաֆարովը դատապարտված մարդասպան է, սպանությունը մնում է սպանություն, և այն, ինչ տեղի ունեցավ, ծաղրանք է զոհվածի հարազատների, արդարության և իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ: Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կառավարության քայլերով: Չեմ կարծում, որ սա միայն Հունգարիայի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հարցն է: Դրա մասին է վկայում միջազգային հանրության արձագանքը: Ողջ միջազգային հանրությունը խորապես մտահոգված է հատկապես Ադրբեջանի գործողություններով: Դրականն այն է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու իր ցանկությունը: Այժմ կարևոր է կանխել իրավիճակի հետագա սրացումը: Չեխիայի Հանրապետությունը սատարում է կողմերի միջև բանակցությունների ճանապարհով Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը? միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակներում»/:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը` ԱԺ նախագահը նշել է, որ եվրաինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է և Եվրամիության հետ փոխգործակցության շրջանակը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է: Նա կարևորեց Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, որոնց մասն է կազմում Խոր և համապարփակ ազատ առևտրի տարածքի ստեղծումը: Ավարտվել են Ասոցացման և վիզային ռեժիմի դյուրացման և հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի շուրջ բանակցությունները:
Հայ-չեխական փոխգործակցության խթանման և ակտիվացման առումով` Աժ նախագահը կարևորել է ՀՀ քաղաքացիներին Չեխիա մուտքի արտոնագրի տրամադրումը Հայաստանում գործող ՉՀ դիվանագիտական ներկայացուցչությունում: Հովիկ Աբրահամյանը ընդգծել է առևտրատնտեսական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում կապերի զարգացումը, ինչի համար լավ նախադրյալներ կան:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական հարցերին, առաջիկա նախագահական ընտրություններին, արդարադատության համակարգի բարեփոխումներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:
Հովիկ Աբրահամյանի հաջորդ հանդիպումը Չեխիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Միրոսլավա Նեմցովայի հետ էր : Ողջունելով Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությանը և արձանագրելով երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը` տիկին Նեմցովան բարձր է գնահատել խորհրդարանի նախագահի այցը Չեխիա` հայ-չեխական կապերը խորացնելու և միջխորհրդարանական գործակցությունը ակտիվացնելու առումով: Ներկայացուցիչների պալատի նախագահը անհրաժեշտ համարեց երկկողմ հարաբերությունների զարգացումը նաև տնտեսության, մշակույթի, գիտության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնական այցը Չեխիա կնպաստի երկկողմ հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս Չեխիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև համագործակցությանը եվրոպական կառույցներում: Նրա խոսքով` Հայաստանի իշխանությունները հատուկ կարևորություն են տալիս ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին և ակտիվորեն մասնակցում են դրա իրականացմանը: Պարոն Աբրահամյանը նույնպես կարևորել է տնտեսական հարաբերությունների զարգացումը երկու երկրների միջև` նշելով, որ նոյեմբերին Երևանում անցկացվելու է հայ-չեխական գործարար ֆորում, որը, նրա համոզմամբ, կխթանի տնտեսական փոխգործակցությունը: Կարևորելով տնտեսական հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ տիկին Նեմցովայի առաջարկը` ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծված ներդրումների համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, սաֆարովյան գործին, Սիրիայում ստեղծված իրավիճակին և տարածաշրջային խնդիրներին առնչվող այլ հարցերի: Կողմերը կարևորեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ձևաչափում` ընգծելով պատերազմի վերսկսման և զենքի կիրառման անթույլատրելիությունը: Պարոն Աբրահամյանը վերստին նշեց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Հայաստանի համար կարևոր են ԼՂ կարգավիճակի ու ԼՂ ժողովրդի անվտանգության հարցերը:
Տիկին Նեմցովան պատրաստակամություն է հայտնել միջպետական հարաբերությունները զարգացնել նաև Եվրամիության շրջանակներում, ինչը պետք է բխի Հայաստանի հետ Եվրամիության համագործակցության ձևաչափերից: Նա նշել է, որ Չեխիան և Եվրամիության երկրները հարևանների հետ կոնֆլիկտների խաղաղ, քաղաքական բանակցությունների ճանապարհով լուծման կողմնակից են և այս առումով ողջունում են Հայաստանի դիրքորոշումը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, նախանշվեցին հետագա համագործակցության ուղղությունները:
Հովիկ Աբրահամյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:
Նույն օրը Պրահայի առաջնորդարանում ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Պրահայի արքեպիսկոպոս, Բոհեմիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով և այս համատեքստում կարևորել Հայ առաքելական եկեղեցու և չեխ կաթոլիկ եկեղեցու փոխգործակցությունը` ուրախությամբ փաստելով արդյունավետ համագործակցությունը Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգևոր հովվության և Չեխ կաթոլիկ եկեղեցու միջև: Նա շնորհակալությամբ է ընդգծել, որ 7 տարի շարունակ Չեխ կաթոլիկ եկեղեցին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Յիլիի տաճարը տրամադրում է հայկական ժամերգությունների և պատարագների անցկացման համար: Իր խոսքում ԱԺ նախագահը անդրադարձավ նաև սաֆարովյան գործին, տարածաշրջանային խնդիրներին:
Ողջունելով Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությանը` Կարդինալ Դուկան կարևորել է ԱԺ նախագահի այցը Չեխիայի Հանրապետություն: Որպես Հայաստանի և հայ ժողովրդի լավ բարեկամ, նա ընդգծեց հայ-չեխական բարեկամության ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը: Կարդինալ Դուկան անգնահատելի համարեց հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային հոգևոր և մշակութային ժառանգության մեջ, մասնավորապես բարձր գնահատեց այն հանգամանքը, որ Աստվածաշնչի առաջին թարգմանությունը եղել է հայերեն: Պրահայի արքեպիսկոպոսը պատրաստակամություն հայտնեց աջակցել Չեխիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին և նպաստել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք օգտակար կարող են լինել Հայաստանի և հայ ժողովրդի համար:
Հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը և պատվիրակության անդամները շրջայց են կատարել Պրահայի առաջնորդարանում, եղել ներկայացուցչությունների սրահում:
Նույն օրը ԱԺ նախագահը և պատվիրակության անդամները այցելել են Վիտկովի Ազգային հուշահամալիր, ծաղիկների դրել Անհայտ զինվորի շիրիմին և շրջայց կատարեցին Վիտկովի Ազգային հուշահամալիրում:





































