800 հազար դոլար գնահատված Մոցարտի յուրահատուկ ձեռագիրը աճուրդի է Sotheby’s-ում: Ինչպես հաղորդում է The Daily Telegraph հրատարակչությունը՝ 1938թ. սկսած պարտիտուտան պահպանվել է նացիստների ճիրաններից փախած և հարավաֆրիկյան երկրներից մեկում ապաստան գտած հրեա երաժշտի ընտանիքում:
Ռուդոլֆ Գետցը այն դուրս է բերել Մյունխենից, որտեղից նա ընտանիքի հետ միասին փախել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ վախենալով նացիստական հետապնդումներից: Հասկանալով, որ իրենց մոտ եղած ամբողջ գումարը սահմանին կառգրավվեր, նա որոշել է գնել Մոցարտի Kyrie eleison ռեքվիեմի բնօրինակը, որն այդ ժամանակներում համեմատաբար ավելի էժան է արժեցել:
Թանկարժեք պարտիտուտի վրայից հանելով շապիկը՝ Գետցը հեշտությամբ այն հասցրել է Հարավային Աֆրիկա: Իսկ երաժշտի և նրա ընտանիքի մյուս պարագաները այլ նավի վրա են եղել, որը գնդակոծվել և ոչնչացվել է:
Մինչև այժմ ձեռագիրը պահպանվել է Գետցի ընտանիքի անդամների մոտ: Այն աճուրդում որոշել է վաճառել երաժշտի դուստրը, ով ցանկանում է մինչև իր մահը այն Եվրոպա վերադարձնել. այժմ նա 98 տարեկան է:
Մասնագետների խոսքերով՝ պարտիտուրան մայիսի 20-ին կայանալիք աճուրդում կենտրոնական լոտը կդառնա:










































