Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արվեստի և գրականության գործերում, ԶԼՄ-ների արտադրանքի մեջ, համերգներում, թատերական ներկայացումներում, դիտարժան-ժամանցային միջոցառումների ժամանակ, կինոթատրոններում ֆիլմերի ցուցադրության ժամանակ ցենզուրայից դուրս բառապաշարի օգտագործումն արգելելու մասին օրենք է ստորագրել: Օրենքի տեքստը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Օրենքը պատիժ է սահմանում «թատերական, մշակութային-կրթական կամ հետաքրքիր ժամանցային միջոցառման միջոցով գրականության, արվեստի կամ ժողովրդական արվեստի՝ ցենզուրայից դուրս խոսք ընդգրկող ստեղծագործությունների հանրային ցուցադրության համար»:
Փաստաթուղթն արգելում է ցենզուրայից դուրս խոսք օգտագործել «կինոդահլիճներում ֆիլմերի ցուցադրության ժամանակ», թատերական բեմադրությունների, ցուցահանդեսների բացման, համերգների, շոուների և այլնի ժամանակ: Գրական ռուսերեն լեզվի նորմերին չհամապատասխանող բառերն ու արտահայտությունները կորոշի «անկախ փորձաքննությունը»:
Օրենքը խախտելու համար քաղաքացիները կպատժվեն 2-2.500 ռուբլով, պաշտոնատար անձանց համար՝ 4-5000 ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 40-50.000 ռուբլի:
Օրենքը նաև նախատեսում է ոչ նորմատիվային խոսք պարունակող ֆիլմերին վարձույթի հավաստագրի տրամադրման արգելում: Առանց հավաստագրի ֆիլմի ցուցադրությունը կպատժվի 50-100.000 ռուբլով: Կրկնակի խախտումը սպառնում է 100-200.000 ռուբլի տուգանքով կամ մինչև 3 ամսով վարձութային գործունեության արգելքով:







































