Մեր հասարակությունը, հայությունն ընդհանրապես, երևի թե պատկերացնել անգամ չէր կարող, որ շոու-բիզնեսի այնպիսի հանգրվան, ինչպիսին «Եվրատեսիլ»-ն է, մի գեղեցիկ օր բացահայտելու է մեր քաղաքակրթական ընթացքի ամբողջ դատարկությունը, որին տվել ենք Հայաստանի Հանրապետություն անունը: Դեռ 2011թ. այդ ճշմարտությունը բացահայտելու համար պետք էր, որ մենք «Եվրատեսիլ»-ում պարտվեինք, ու հաղթեր Ադրբեջանը: Այդ երկու, այսպես ասած, ծայրահեղությունների արդյունքում դրսևորվեց այն խորը վիհը, որ առաջացել է մեր և մեր երազանքների միջև: Մենք նորից եվրատեսիլյան հողմապտույտի մեջ ենք: Ու այսօր կրկին հաղթելու և հաղթվելու մարմաջի մեջ՝ ազգովի կորցնում ենք իրականության զգացողությունը:
Պետք է հասկանալ միայն, որ մայիսի 6-ին ու դրանից հետո զուտ եվրատեսիլյան առումով ոչինչ չի պատահելու: Ինչ պատահելու է՝ պատահելու է հասարակական, մշակութային, քաղաքական, տնտեսական, քաղաքակրթական առումներով: Եվ երբ կրկին նայենք այդ պատահածին, կտեսնենք, որ մենք, ի տարբերություն Ադրբեջանի և մյուս «հաղթողների», պարզապես չենք կարող հաղթել «Եվրատեսիլ»-ում, որովհետև Ադրբեջանն ու մյուսներն ընթացքում օգտագործում են այն, ինչ ունեն՝ փող, նավթ, գազ և դրանից ստացվող տնտեսական արդյունք, իսկ մենք չենք կարողանում կամ չենք ուզում օգտագործել այն, ինչ ունենք՝ մեր մտավոր, արժեքային պոտենցիալը, մեր քաղաքակրթական հիմքերի տված առավելությունը:
Արդյունքում ստացվում է, որ Ադրբեջանն ու մյուս «հաղթողներն» իրենցն օգտագործելով՝ գուցե ոչ առավելագույնս, բայց և այնպես օգտագործելով՝ հասնում են քաղաքակրթական որոշակի էֆեկտների, իսկ ահա մենք, ունենալով դրա հիմքերը, չենք կարողանում հասնել ոչնչի: 2011թ. Ադրբեջանի հաղթանակը մեզ չկործանեց ու չէր էլ կարող կործանել: Ադրբեջանի հաղթանակը ընդամենը ցույց տվեց, որ մենք կործանվում ենք: Այդ հաղթանակը կամ հաջողությունը ամենևին մեր պարտության կնիքը չէր, այլ ինդիկատորը: Բայց, ինչպես ասում են, չկա չարիք՝ առանց բարիքի: Եվ սա ամենևին էլ մխիթարության անհույս փորձ չէ:
Բանն այն է, որ այսօր մտաբարոյական դեգրադացիոն միջավայրը, որում հայտնվել է Հայաստանը, հասնում է մի այնպիսի սահմանագծի, երբ հաղթանակներն արդեն դառնում են վտանգավոր, և իրավիճակից ելքը պարտությունների, անհաջողությունների մեջ է, որոնք կարող են կանխել առավել մեծ, առավել գլոբալ և առավել անդառնալի պարտություններն ու տապալումները: Այդ մտայնությունը սովորական պայմաններում կարող է թվալ ինքնին վտանգավոր. ինչպե՞ս կարելի է պարտությունը ելք համարել:
Իսկապես, սովորական իրավիճակներում դա իրոք վտանգավոր մտայնություն է, բայց խնդիրն այն է, որ մենք վաղուց ի վեր դուրս ենք եկել սովորական միջավայրից և հայտնվել ենք արտակարգ պայմաններում: Եվ այդ արտակարգ պայմաններն այսօր շարունակվում են: Իսկ արտակարգ պայմաններում արդեն թերևս անհրաժեշտ է երևույթների հանդեպ արտակարգ, ոչ սովորական տրամաբանության վրա հիմնված մոտեցում: Եվ ըստ այդմ, կարծում եմ, եթե մեր հասարակական, պետական, մեր քաղաքակրթական համակարգը գտնվում է խորը անկման, խորը դեգրադացիայի փուլում, ապա այդպիսի պայմաններում տոնած հաղթանակները նպաստում են այդ դեգրադացիոն, անկումային փուլերի թյուրընկալմանը, համոզմունքին, թե՝ ահա, ճիշտ է ընտրված ճանապարհը, ու ճիշտ է ընթացքը, ու դա մեզ հասցնում է հաջողությունների:
Դա լեգիտիմացնում է այն վիճակը, այն միջավայրը, որում ներկայում գտնվում է հայ հասարակությունը: Իսկ այդ լեգիտիմացումը արդեն խոշոր, անդառնալի, գլոբալ ձախողումների նախադրյալներ է ստեղծում, որոնց պարագայում արդեն իրավիճակ շտկելու հնարավորություն չի լինում: Նման թմբիրային պայմաններում լոկալ, իրավիճակային այս անհաջողությունները և ձախողումները սթափվելու լավագույն միջոցներն են: Այսպես ասած՝ շոկային թերապիայի գործիքներ, որոնք մեր կամքից անկախ՝ հայտնվում են մեր ձեռքում, և որոնք մենք երբեք մեր ձեռքը չէինք վերցնի, եթե չլինեին այդ անհաջողությունները: Մինչդեռ հենց նման պարագաներում ենք մենք ակնհայտորեն տեսնում, որ իրականում մեր ընթացքի հաջողությունները փուչիկներ են, որ իրականում դրանք ոչ թե է՛լ ավելի մեծ ձեռքբերումների են տանում, այլ մի գեղեցիկ օր պայթում են՝ հիմքի, քաղաքակրթական հիմքի բացակայության պատճառով: Որովհետև հաջողությունները պետք է ունենան կա՛մ շատ մեծ տնտեսական, կա՛մ շատ ամուր քաղաքակրթական հիմք:
Մեր հարևաններն օգտագործում են իրենց տնտեսականը, մենք չենք օգտագործում մեր քաղաքակրթականը, այլ ընդամենը այն դարձնում ենք կենացների և սնապարծ ելույթների աղբյուր, նաև մեր այլախոհների բերանը փակելու «խցան»: Մինչդեռ դա է մեր միակ շանսը, և «Եվրատեսիլ-2014»-ը ցույց կտա, որ երբ մենք դա չենք օգտագործում, ապա շանս չունենք: Եվ եթե այսօր մեր ախոյանները մեզանից առաջ են անցնում «Եվրատեսիլ»-ում, վաղը առաջ են անցնելու դիվանագիտության մեջ, ռազմական ոլորտում և, Աստված մի արասցե, գուցե նաև ռազմի դաշտում: Այս մասին պետք է մտածել, և ինչպես ցույց է տալիս մեր կյանքը, մեր կյանքի որակը՝ մենք երևի թե մտածում ենք միայն ստիպված, երբ դանակը հասնում է ոսկորին:










































