Ժամանակն է փոխել շեշտադրումները, հրաժարվել լոզունգներից, անցնել կոնկրետ աշխատանքի: Այս մասին այսօր վերանշանակումից հետո առաջին խորհրդակցության ժամանակ նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Անդրադառնալով անցած տարիներին միասնական թիմի ստեղծման ուղղությամբ կատարվածին, նախարարը նշել է, որ նոր պայմաններում այդ աշխատանքները պետք է շարունակվեն։ Համակարգի ողջ ներուժը, հնարավորություններն ու կարողությունները պետք է նպատակաուղղվեն առաջին հերթին թիրախային այնպիսի հիմնախնդիրների լուծմանը, ինչպիսիք են.
● Տնտեսական աճի պարտադիր ապահովումը։
● Նախարարության կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը առաջին հերթին պետք է հիմնավորվեն գյուղացու սպասելիքներով, արդարացնեն դրանք, լինեն խիստ իրատեսական և նպատակային։
●Նախաձեռնողականության խթանումն աշխատանքային բոլոր օղակներում։
●Աշխատանքային և կատարողական կարգապահության, աշխատանքի արդյունավետության հետևողական բարձրացումը։
●Հանձնարարականների կատարման օպերատիվության և որակի ապահովումը։
●Խնայողության ռեժիմի խստորեն պահպանումը, գործնական վերահսկողության իրականացումը բյուջետային միջոցների նպատակային օգտագործման վրա։
●Բաց ու թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների հետ։ Բարձրացված հարցերի օպերատիվ արձագանքումը։
●Մարզպետարանների գյուղվարչությունների հետ տարվող աշխատանքների ակտիվացումը։
Ամփոփելով խորհրդակցությունը, նախարարը մեկ անգամ ևս ընդգծել է կատարողական կարգապահության նկատմամբ անձնական պատասխանատվության կարևորությունը։ «Մենք աշխատանքային նոր էջ ենք սկսում, որտեղ թիմային մտածողությամբ հարցերին մոտենալը ոչ թե կարևոր, այլ պարտադիր պայման է։ Բոլոր նրանք, ովքեր դուրս կմնան միասնական պատասխանատվության և միասնական մոտեցումների դաշտից, դուրս կմնան նաև համակարգից։ Ժամանակն է փոխել շեշտադրումները, հրաժարվել լոզունգներից, անցնել կոնկրետ աշխատանքի».- նշել է նախարար Սերգո Կարապետյանը։









































