Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Էդվարդ Մանուկյանի նախագահությամբ ավարտվել է Մուշեղ Վարդանյանի գործի դատական քննությունը:
38-ամյա Մուշեղ Վարդանյանն աշխատել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում՝ որպես պահպանության ապահովման բաժնի 2-րդ կարգի մասնագետ:
Նույն բաժնի առաջատար մասնագետի թափուր հաստիքին նշանակվելու համար նա օգտագործել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ:
Ուկրաինայի Հանրապետության Լվովի պետական համալսարանում սովորած չլինելով և տնտեսագետի որակավորում չունենալով՝ անհայտ անձից ձեռք է բերել հիշյալ համալսարանի կեղծ դիպլոմ, որը 2013 թվականի սեպտեմբերի 27-ին ներկայացրել է «Արթիկ» ՔԿՀ-ի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ղեկավարին:
Լվովի Իվան Ֆրանկոյի անվան ազգային համալսարանից ստացված գրության համաձայն՝ համալսարանի արխիվում չի հայտնաբերվել տեղեկություն, թե Մուշեղ Վարդանյանը սովորել ու ավարտել է համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը և երբևէ ստացել է դիպլոմ:
Մուշեղ Վարդանյանն իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով:
Արագացված դատաքննության արդյունքում ընդհանուր իրավասության դատարանը կարիերայի անհաջող փորձ արած ամբաստանյալ Մուշեղ Վարդանյանին դատապարտել է 200 հազար դրամ տուգանքի:
Հանցավոր արարքի պատճառով Մուշեղ Վարդանյանը զրկվել է նաև ՔԿՀ-ում 2-րդ կարգի մասնագետի աշխատանքից:









































