Ամերիկայի Միսսուրի նահանգի իշխանությունները որոշել են չսպանել փոքրիկ արջին, որը կծել և ճանկռել էր Վաշինգտոնի 18 ուսանողների՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փոքրիկ արջին այլ կենդանիների հետ տեղի կենդանաբանական այգուց տարել են համալսարանի տարածք, որպեսզի ուսանողները քննություններից հետո կարողանային թոթափել սթրեսը՝ խնամելով կենդանիներին:
Դեպքից անմիջապես հետո կասկած կար, որ անսպասելի ագրեսիայի պատճառը կատաղությունն է եղել, և որոշվել էր սպանել արջուկին: Սակայն անասնաբույժները եզրակացրել են, որ կենդանին առողջ է, և արդյունքում՝ իշխանությունները մտափոխվել են արջուկին սպանելու հարցում:
Համալսարանի ղեկավարությունը հայտնել է, որ թեթևություն են զգացել, երբ այդ տհաճ պատմությունն այդքան լավ ավարտվեց բոլորի համար, այդ թվում՝ արջուկի:










































