Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Գերմանիայում գտնվելու իր երկրորդ օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է լրագրողների հետ՝ անդրադառնալով Թուրքիայի ժողովրդագրական խնդիրներին.
«Այստեղի թուրք բնակչությունը երիտասարդ է: Ես իմ երկրում ասում եմ, որ յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա նվազագույնը երեք երեխա: Եթե մենք դա չանենք, ապա 2037 թվականին կհայտնվենք այն դրության մեջ, որում ներկայումս հայտնվել է Գերմանիան: Ես չեմ ցանկանում, որ Թուրքիան հայտնվի այդ վիճակում: Կրթված, երիտասարդ բնակչություն ունենալը հաջողության հասնելու գրավականն է:
Ներկայումս Թուրքիայի բնակչությունը կազմում է 75 միլիոն մարդ: Ասում են, թե ներգաղթյալների թվի առումով Թուրքիան արդեն իսկ ԵՄ-ի անդամ երկիր է: Այո, դա ճշմարիտ է: Միայն Գերմանիայում բնակվում է 3 միլիոն թուրք: Նվազագույնը այդչափ թուրքեր ապրում են ԵՄ-ի անդամ մյուս երկրներում: Այսինքն, մենք 6 միլիոնով արդեն իսկ ԵՄ-ի կազմում ենք: Մինչդեռ կան ԵՄ-ի անդամ մի շարք երկրներ, որոնց բնակչությունը կազմում է 250,000-300,000 մարդ»:









































