ԱՄՆ վարչակազմն ակնկալում է, որ Ուկրաինան արդեն այսօր կստանա առաջին տրանշն ԱՄՀ օգնության ծրագրի շրջանակում: Այս մասին հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:
«Չորեքշաբթի ԱՄՀ ղեկավարությունը հավանություն էր տվել Ուկրաինային 17 մլրդ դոլարի չափով վարկի հատկացմանը, ինչը հնարավորություն է բացում բազմամիլիարդանոց միջազգային աջակցության ցուցաբերման համար: Մենք ակնկալում ենք, որ առաջին տրանշը (մոտ 3.2 մլրդ դոլար) կստացվի ուրբաթ»,- Հարֆի խոսքերն է մեջբերում ITAR-TASS-ը: Նա դա անվանել է էական նվաճում, որը կօգնի Ուկրաինային հաղթահարել տնտեսական մաւրտահրավերները, որոնց մի մասը բավականին լուրջ են:
Լրագրողները հետաքրքրվել են, թե դա ուղի բացո՞ւմ է Վաշինգտոնի կողմից Կիևին օգնություն ցուցաբերելու համար: Հարֆը խոստացել է ճշտել՝ հավելելով, որ նման քայլն ուղի է բացում մի շարք շահագրգիռ այլ կողմերի համար, որոնք սպասել են ԱՄՀ-ի որոշմանը:
Գումարը կհատկացվի երկու տարում՝ սկզբում երկու ամիսը մեկ պարբերականությամբ, այնուհետև եռամսյակը մեկը:











































