Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ժ. 19.00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնի հանդիսավոր փակումը:
Փակման հանդիսավոր համերգը կրում է «Նվիրում Ամալյա Բայբուրթյանի ծննդյան 85-ամյակին» խորագիրը: Հանդիսավոր երեկոյի ընթացքում կհնչեն Լյուդվիգ Վան Բեթհովեն, Սերգեյ Ռախմանինով, Ֆրեդերիկ Շոպեն, Ֆերենց Լիստ, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Մորիս Ռավել, Չիկ Կորեա:
Ելույթ կունենան Վահագն Պապյանը (դաշնամուր, Իսրայել), Բորիս Գիլտբուրգը (դաշնամուր, Իսրայել), Գևորգ Հարությունյանը (հարվածային գործիքներ):
Հիշեցնենք, որ փառատոնը մեկնարկել էր սեպտեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Փառատոնի հովանավորն է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը:
Փառատոնը բացվել էր «Իսրայել Կամերատա Երուսաղեմ» (Իսրայել) նվագախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Ավներ Բիրոն):








































