ՀՀ 2013 թ. պետական բյուջեի նախագծում պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի ընդհանուր գումարը ծրագրավորված է 62 մլրդ 470.2 մլն դրամի չափով, որը 2011 թ. և 2012 թ. համեմատ ավելի է 16.1 և 7.7 տոկոսով: Ինչպես այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղկացրեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, պետապարատի ծախսերը ՀՆԱ մեջ կազմում են 1.38%, պահպանման ծախսերը ընդհանուրը 98% են, մինչև 65%-ը աշխատավարձերն են։
Ըստ փոխնախարարի՝ պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի մեջ աշխատավարձն ավելացել է 5.7 մլրդ դրամով, որից 4.9 մլրդ դրամը հատկացվել է եկամտային հարկի անցման արդյունքում, 690 մլն դրամը աշխատավարձի բնականոն աճն է՝ կապված ստաժի և այլնի հետ, 328 մլն դրամը կառուցվածքային փոփոխությունների հետ է կապված, սննդի անվտանգության ծառայություն է ստեղծվել, որտեղ լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծվել, նաև աուդիտի մոտ 40 հոգանոց ստորաբաժանում է ստեղծվել։ Հաստիքների թիվն ավելացել է 222 մարդով։
«Կառավարման ապարատի ծախսերը ծրագրելիս խնայողական մոտեցում է ցուցաբերվել։ Ծախսերի գծով ավելի շատ կրճատումներ կան, քան ավելացումներ»,- հավաստիացրեց Պ. Սաֆարյանը։








































