Սաուդյան Արաբիան առաջին անգամ աշխարհին ցուցադրել է իր սպառազինությունում առկա չինական արտադրության DF-3 բալիստիկ հրթիռները: Ցուցադրությունը կատարվել է ապրիլի 29-ին կայացած զորահանդեսի ժամանակ, որով ավարտվել են սաուդյան բանակի մասշտաբային զորավարժությունները: Ինչպես նշում են փորձագետները, այդ հրթիռները կարող են 2 տոննա կշռով լիցքը (սովորական կամ միջուկային) հասցնել 2500 կմ հեռավորության վրա:
Ռազմական վերլուծաբանների կարծիքով՝ այդպիսով Էր-Ռիադն Իրանի իշխանություններին ազդանշան է տալիս ցանկացած սցենարի դեպքում պատրաստության մասին:
Ցուցադրությունն առաջացրել է նաև Իսրայելի լուրջ անհանգստությունը՝ նշում է NEWSru Israel-ը: Իսրայելական ԶԼՄ-ները հիշել են, որ բրիտանական The Telegraph-ն անցած տարվա հուլիսին հրապարակել էր Սաուդյան Արաբիայի ռազմական օբյեկտի արբանյակային լուսանկարը, որի հրթիռներից մեկը վերլուծաբանների գնահատականով ուղղված է եղել Թել-Ավիվի կողմը: Եթե խոսքը նոր տեսակի զենքի մասին է, որը ցուցադրվել է ապրիլի վերջին, ապա այդպիսի հրթիռը կարող է իսկապես հասնել Իսրայելի տարածք:








































