Նյույորքյան ֆոնդային բորսան և Nasdaq-ը, որոնք դադարեցրել էին իրենց աշխատանքները «Սենդի» փոթորկի պատճառով, հայտարարել են, որ կրկին կբացվեն չորեքշաբթի օրը` հոկտեմբերի 31-ին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Նյույորքյան ֆոնդային բորսայի շենքն ու սարքավորումները չեն տուժել փոթորկի պատճառով, և բորսան պատրաստ է վերսկսել աշխատանքները:
Բորսաները չեն աշխատել երկու օր: Ինչպես հաղորդում է AFP-ը, դա առաջին հարկադրված դադարն էր 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:
Դրա հետ մեկտեղ հաղորդվում է, որ հրշեջները Նյու Յորքում փրկել են ավելի քան 25 մարդու՝ 80 այրվող տներից: Նրանցից երեքը թեթև վնասվածքներ են ստացել:










































