ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ապրիլի 30-ին ԱԺ – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Կուտակային կենսաթոշակային բարեփոխումներին անդրադառնալով՝ հարց ուղղեց վարչապետին: Բաբայանին հետաքրքրում էր՝ պարտադիր բաղադրիչի հարցը դու՞րս է գալիս, թե՞ ոչ, գումարները ետ վերադարձնելու՞ են, թե՞ ոչ: «Ի՞նչ է կատարվելու, գալիք ամիս գումարներ են էլի պահելու՞, թե՞ ոչ»,- ասաց նա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հստակ այդ հարցին պատասխանել է՝ այնքանով, ինչքանով հնարավոր է առավելագույնս ասել, ասել է յոթ ուղղությունների մասին, կարծես թե ավելացնելու ոչինչ չունի: «Այդ հարցը պետք է քննարկենք, ակնկալումն ենք,որ վեց խմբակցությունները կմասնակցեն մեր աշխատանքներին, ցանկանում եմ փաթեթով լուծում առաջարկենք: Այն անհանգստությունը, որ կար տույժ-տուգանքների մասնով, նախագիծը քննարկվում է ԱԺ-ում, մենք հիմա քննարկում ենք, եթե հնարավոր լինի, այն առաջարկները, որ արել եք, առաջիկա նիստում հստակեցնել մեր դիրքորոշումները»,- ասաց նա:
Աբրահամյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ որոշ կազմակերպությունների հետ, հստակություն մտցնել:
Բաբայանը խնդրեց հստակ պատասխանել՝ պարտադիրը կասեցվու՞մ է, թե՞ ոչ: «Ուզում եք, որ ուղիղ պատասխանե՞մ, չեմ կարող պատասխանել: Ես ասել եմ՝ դե ֆակտո՝ այո, իսկ դա, կարծում եմ, բավական է, որ երկրի վարչապետը նման հայտարարություն է արել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:








































