Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում, այցագրերի տրամադրման արգելք և հետագա առևտրային սահմանափակումներ: Ռուսական իշխանությունների կողմից առաջին արձագանքը եղել է ծաղրը և ԱՄՆ նախագահի վարչակազմի գործողությունների քննադատությունը: Ինչպե՞ս կարող են ազդել այցագրի տրամադրման սահմանափակումներն ու ակտիվների սառեցումը Պուտինի ամենամոտ աջակիցների վրա: Ինչպիսի՞ հետևանքներ կարող են ունենալ նման պատժամիջոցները նրանց համար, ովքեր հաճախ չեն գնում Արևմուտք և հաշիվներ չունեն արտասահմանյան բանկերում: Այս մասին Forbes-ի վերլուծական հոդվածում գրում է Գրեգ Սատելը:
Նման փաստարկներ են բերում նրանք, ովքեր մինչև վերջ չեն հասկանում այդ պատժամիջոցների նպատակներն ու հնարավոր հետևանքները: Դրանք հանդիսանում են ֆինանսական պատերազմի գործիք, որը Ֆինանսների նախարարությունը սրում է սեպտեմբերի 11-ից, և որոնք հենվում են նոր օրենսդրության վրա, օրինակ՝ ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի 311-րդ հոդվածի և բանկային օպերացիաների՝ «ճանաչիր հաճախորդիդ» կանոնի վրա:
Սկզբում այդ կանոնները ստեղծվել են՝ փակելու ահաբեկիչների հասանելիությունը միջազգային բանկային համակարգին: Խուան Զարատեն, որը հանդիսանում է այդ նոր տեխնոլոգիաների ստեղծողը, պարզաբանումներ է անում իր «Ֆինանսների նախարարության պատերազմը» գրքում:
Նպատակը եղել է ոչ թե ամերիկյան բանկերում հաշիվների սառեցումը, չնայած դա մեծ «պլյուս» էր, այլ ահաբեկիչներին ֆինանսավորողների հասնելիությունը պաշտոնական բանկային համակարգին դժվարացնելը: Շուտով նոր տեխնոլոգիաները սկսել են շատ հաջող կերպով կիրառվել առանձին պետությունների դեմ, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան և Իրանը: Իսկ երբ ԱՄՆ-ը համակարգել է իր գործողությունները դաշնակիցների հետ, այդ տեխնոլոգիաներն էլ ավելի մեծ էֆեկտ են ունեցել:
Դա չի նշանակում, որ պատժամիջոցները կկանգնեցնեն Պուտինին, սակայն նրա գործողությունների արդյունքը կդառնան հավերժ աճող գները, ինչը կխարխլի նրա՝ առանց այդ էլ թուլացած ռեժիմը:
Թե ինչպես են աշխատում պատժամիջոցները, հոդվածագիրը քննարկում է Պուտինի մոտ ընկերոջ՝ «Ռուսական երկաթուղիների» նախագահ Վլադիմիր Յակունինի օրինակով: Նա Financial Times–ի հետ հարցազրույցում ասել էր, որ չի պատրաստվում ԱՄՆ այցելել և արտերկրում հաիշվներ չունի, այնպես որ իր վրա պատժամիջոցները չեն ազդի: Սակայն պատժամիջոցները նրա համար բացասական հետևանքներ կունենան. նրա երեխաներն ապրում են արտերկրում, բացի այդ, եթե նա ցանկանա հանգստյան տուն գնել Դուբայում, կրկին ստիպված կլինի դիմել բանկային ծառայություններին և կբախվի դժվարությունների:
Պատժամիջոցները սահմանվում են ոչ միայն նրա, այլև նրա գլխավորած ընկերությունների նկատմամբ:
Ռուսաստանում արդեն զգացել են հետևանքները։ Կապիտալի արտահոսքը ստեղծում է լրացուցիչ ճնշում ռուբլու վրա և մեծացնում սղաճը: Միևնույն ժամանակ ներդրումների քանակը զգալիորեն նվազել է, եկամուտները՝ ընկել:
Հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության համար լուրջ սպառնալիքը, միջազգային վարկանշային Standard & Poor’s գործակալությունն իջեցրել է երկրի վարկանիշը՝ հասցնելով ամենացածր մակարդակին, ինչը կհանգեցնի երկրից կապիտալի հետագա արտահոսքին: Եվ սա ճգնաժամի միայն սկիզբն է: Ռուսաստանում իրավիճակը կվատթարանա Պուտինի քաղաքականության պատճառով:
Մայիսյան տոներին շատերը կփոխեն այլ երկրներ գնալու ծրագրերը: Ոմանք կնկատեն, որ իրենց կրեդիտ քարտերը չեն աշխատում: Շուտով ներկրված ապրանքների թիվը կսկսի նվազել, իսկ սոցիալական նպաստները՝ կրճատվել:
«Նա անզգուշորեն կրկնում է նույն կոպիտ սխալները, որոնք իր նախորդները թույլ են տվել Աֆղանստանում: Որքան էլ զարմանալի է, սակայն «վագրերի որսորդ» Պուտինի ռեժիմը կարող են կործանել մի խումբ հաշվապահներ»,- եզրափակում է հոդվածագիրը:









































