Երևանի ավագանին այսօր քննարկեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը» հաստատելու մասին որոշումը, որով, ըստ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանի, քաղաքացին հնարավորություն է ունենում մասնակցել համայնքի կառավարմանն ու համայնքի քաղաքականության մշակմանը, նաև՝ որոշումների կայացմանը ապահովել լիարժեք մասնակցություն:
«Կարգը շատ ձևական կարծես բնույթ է կրում»,- իր ելույթում տեսակետ հայտնեց ավագանու «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ քաղաքացիական մասնակցության կոնկրետ մեխանիզմներ մշակված չեն:
Նույն ֆրակցիայի անդամ Ստյոպա Սաֆարյանն առաջարկեց լրամշակել օրենքը և գործուն մեխանիզմներ ներառել դրանում: ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը ևս առաջարկեց հետաձգել քվեարկությունը, և օրինագիծը քննարկել լրամշակելուց հետո:
ՀՀԿ ներկայացուցիչ Զավեն Առաքելյանը, սակայն, հայտարարեց, որ դրա անհրաժեշտությունը չկա, որ կարգում ամեն բան սահմանված է և ՀՀԿ-ական ավագանին ընդունեց որոշումը:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































