Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն սուր քննադատության է ենթարկել վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ կապված երեկ Անկարայում Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 89 ամյակի կապակցությամբ քեմալականների իրականացրած երթի ժամանակ իշխանությունների գործողությունների հետ.
«Այդ ի՞նչ արգելք է: Ի՞նչ տրամաբանությամբ եք արգելում այն: Էրդողանի համար մեզ անհրաժեշտ է նոր անուն՝ Թայիփ Ասադ Էրդողան: Մի՞թե տարբերություն կա ձեր արարքների միջև: Մարդիկ այլևս չեն ցանկանում նրան»:
Քըլըչդարօղլուի այս խոսքերը հնչել են Էրդողանի այն հայտարարությունից հետո, որ Անկարայի իշխանությունները տվյալներ են ունեցել, որ երթի ժամանակ պատրաստվել են սադրանքներ: Բացի այդ, Էրդողանը երթի մասնակիցներին անվանել էր «ահաբեկիչ խուլիգաններ»:
Հիշեցնենք, որ երեկ Անկարայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել տվյալ երթի մասնակիցների նկատմամբ, ինչի հետևանքով, թուրքական ԶԼՄ-ների պնդմամբ, թունավորվել էր նաև Քեմալ Քըլըչդարօղլուն:







































