Արդեն տասը տարի կառավարության մոտ ամեն շաբաթ ակցիա իրականացնող Դալմայի այգիների նախկին հողօգտագործողները նոր վարչապետից ակնկալիքներ ունեն:
«Նախորդ վարչապետները նույնպես տեղյակ էին, որ նույնիսկ ՄԱԿ-ի հանձնաժողովները հաստատել էին, որ իրենք ապօրինաբար էին Դալմայի հողօգտագործողներից հետ վերցրել հողատարածքները, բնականաբար իրենք պետք է փոխահատուցեին կամ համարժեք հողատարածք հատկացնեին այս մարդկանց: Չեն արել, իսկ վերջին երեք տարին ցույց է տալիս, որ նրանք ընդհանրապես անտարբեր են և՛ ՄԱԿ-ի հանձնաժողովի որոշումների նկատմամբ, և՛ նաև ժողովրդի նկատմամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը՝ հավելելով, որ իրենց պահանջը նույնն է՝ Դալմայի հողերի փոխհատուցում:
Դալմայի այգիների նախկին հողօգտագործող Զոյա Գաբրիելյանն էլ նշեց, որ թեկուզ նոր վարչապետ է, բայց անհնար է այս խնդրի մասին որևէ բան լսած չլինեն. «Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Վարչապետ կլինի Հովիկ Աբրահամյանը թե Պողոս Պողոսյանը՝ մենք գալու ենք: Իմիջիայլոց, հույս չունենան, որ գրոշներով մեզ փոխհատուցեցին՝ մեզնից ազատվելու են, մենք մեր բարոյական վնասն ենք պահանջելու»,- ասաց նա՝ հավելելով, որ հույսը երևի իրենց հետ կմահանա:
Զոյա Գաբրիելյանը ունեցել է 3000 մետր հողատարածք, որից 900 մետրի համար մի գնորդն է վճարել, իսկ երկու գնորդները, որոնցից մեկը պետությունն է, չի տալիս գումարը, մյուսն էլ խոստանում է տալ վաճառելուց հետո, բայց դեռ չի էլ պատրաստվում:
«Այս տասը տարիների ընթացում համոզվեցի, որ մեր նախագահները և՛ կույր են, և՛ խուլ, և՛ համր»,- նշեց նա:









































