Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեի հետ հանդիպման ժամանակ:
Ողջունելով հյուրերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի և մարդասիրական կարևոր առաքելության համար. «Շուրջ 20 տարի դուք մարդասիրական գործունեություն եք իրականացնում Հայաստանի՝ այդ թվում Երևանի տարածքում։ Իմ և երևանցիների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ բարեգործական և անձնատուր աշխատանքի համար»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` հյուրերը նշել են, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցությունը այսուհետ ևս կլինի շարունակական և արդեն հոկտեմբերի 31-ին կմեկնարկի Գերմանական կարմիր խաչ կազմակերպության հովանու ներքո գործող «Գթության խոհանոցի» 19-րդ շրջանի հերթական բացումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին։









































