Խորհրդարանը երեկ 96 կողմ, 15 դեմ, 4 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որով Սևանից բաց կթողնվի հավելյալ 70 մլն խմ ջուր` տարեկան 240 մլն խմ` ներկա 170 մլն խմ-ի փոխարեն:
Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ասել է, որ կառավարությունը համաձայնել է սահմանափակվել մեկ տարի այդ ծավալով ջուր բաց թողնելուն` նախկին հինգ տարվա փոխարեն` հաշվի առնելով հասարակական կարծիքը:
Չնայած ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանը հետաքրքրություն չունի ձկնաբուծության ոլորտում, ԲՀԿ-ն կողմ քվեարկեց օրինագծին` միանալով ՀՀԿ-ին: Նշենք, որ «S.O.S Սևան» նախաձեռնության անդամները պահանջում էին պատգամավորներին դեմ քվեարկել օրինագծին` հայտարարելով, որ 70 մլն խմ ավել ջուր Սևանից բաց թողնելը Արարատյան դաշտավայրի ոռոգման նպատակով ձեռնտու է Սևան-Հրազդան կասկադին և խոշոր ձկնաբուծարանների տերերին:
Օրինագծին կողմ քվեարկած պատգամավորներն ու կառավարությունը իրենց քվեարկությունը և նախաձեռնությունը հիմնավորում են, որ Արարատյան դաշտավայրի ոռոգման համար է անհրաժեշտ Սևանից հավելյալ ջուր բաց թողնելը, որ այնտեղ ոռոգման ջուր չկա, գյուղացին առանց ջրի է մնում և այլն:
Ուշագրավ է հետևյալ հանգամանքը. նույն Արարատյան դաշտավայրում գյուղացիները առանց ոռոգման ջրի են մնացել արդեն մի քանի տարի, գյուղերում բողոքում էին, որ ձկնաբուծարանների պատճառով զրկվել են արտեզյան ջրերից, սակայն կառավարությունը ոռոգման ջրի խնդրին անդրադարձավ միայն այն ժամանակ, երբ արտեզյան ջրերն այնքան օգտագործվեցին, որ արդեն սպառնում են տարածքում գործող ձկնաբուծարանների գործունեությանը: Որոշ գնահատականներով` ձկնաբուծական տնտեսությունների կողմից անխնա օգտագործվելու արդյունքում Արարատյան արտեզյան ավազանը ամբողջությամբ ցամաքելու եզրին է:
Ինչպես հայտնի է, վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը, Հայաստանի ամենամեծ ձկնաբուծարանի տերն է. այդ մասին ինքն է ժամանակին ասել մամուլում: «Մխչյան Ֆիշ Ֆուդ» ՍՊԸ-ի պաշտոնական բաժնետերը Հենրիկ Աբրահամյանն է: Ընկերությունը գրանցված է Աբրահամյանի ծննդավայր Մխչյան գյուղում: Հովիկ Աբրահամյանն ու նրա խնամի Գագիկ Ծառուկյանը Արարատի մարզի Զորակ համայնքում խոշոր ձկնաբուծարան ունեն` «Էկոֆիշ թրեյդը»:
Հովիկ Աբրահամյանի եղբոր ընկերությունը` «Մխչյան ֆիշ ֆուդը», նաև Հայաստան ձկան կեր ներմուծող ամենախոշոր ընկերություններից է և ՊԵԿ նախագահի տեղակալ Տիգրան Բարսեղյանին պատկանող «Սագատի Ֆիշ» ընկերության հետ միասին գերիշխող դիրք է զբաղեցնում շուկայում:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերության ձկնաբուծարանը մոտ 10 հա տարածք զբաղեցնող տնտեսություն ունի Արարատի մարզի Սիս համայնքում:
Ձկնաբուծարաններ ունեն նաև մանր ու միջին չինովնիկներ: Ընդ որում` Հայաստանում արտադրված ձուկը հիմնականում արտահանվում է:
Ինչպես հայտնի է, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշանակվելուն պես խոստացավ լինել բիզնեսի կողքին: «Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու»,- հայտարարել էր վարչապետը: Ստացվում է` Հովիկ Աբրահամյանն ինչպես և խոստացել է` բիզնեսի կողքին է:










































