Այսօր մեկնարկել է «ArmNet Awards 2012» համահայկական ինտերնետային մրցույթը և «ArmNet 2012» միջոցառումների շարքը:
ArmNet 2012-ը կազմակերպում և իրականացնում են Maeutica բրենդինգային գործակալությունը (նախկին SPMS), Orange Արմենիա և ISOC AM («Ինտերնետ Հանրություն» ՀԿ) կազմակերպությունները:
Այս տարի նախագծի շրջանակներում կանցկացվեն Հայաստանում ինտերնետի զարգացմանը նվիրված 3 միջոցառում.
«ArmNet մրցանակաբաշխություն 2012» hայկական ինտերնետ-կայքերի մրցույթ
«ArmNet 2012 կոնֆերանս» վեբ տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանս
«ArmNet 2012 մարզային դասընթաց» Վանաձորում կայանալիք մասնագիտական քննարկումներ
Նպատակ ունենալով զարգացնել վեբ տեխնոլոգիաները ողջ ՀՀ տարածքում` այս տարի ArmNet-ը ընդլայնում է իր սահմանները: ArmNet 2012 նախագծի շրջանակներում նախատեսվում է իրականացնել մասնագիտական քննարկումներ նաև Հայաստանի մարզերում: Առաջին քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Վանաձորում:
«Վստահ ենք, որ այս տարի նույնպես ArmNet-ին կհաջողվի մեկ հարկի տակ համախմբել ոլորտի լավագույն մասնագետներին և վերստեղծել հետաքրքիր և դինամիկ մթնոլորտ, որ կար ArmNet 2010-ի և 2011-ի ժամանակ: Այս տարի նույնպես մրցույթը թույլ կտա բացահայտել և ճանաչել հայ մասնագետների կողմից ստեղծված նոր և որակյալ կայքեր», նշեց Maeutica գործակալության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը:
« Որպես շարժական գերարագ ինտերնետի մատակարար և շուկայի առաջատար` մենք որոշակի պատասխանատվություն ենք կրում հայկական ինտերնետ միջավայրի կատարելագործման համար: Այդ պատճառով է, որ արդեն երրորդ տարին անընդմեջ աջակցում ենք ArmNet-ին, որը վեբով և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներով հետաքրքվողների օրացույցներում կարևորագույն իրադարձություն է: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես դեկտեմբերի սկզբին Երևանը կդառնա հայկական վեբի կենտրոնը, որտեղ կխաչվեն գաղափարներն ու փորձառությունները, և որտեղ կորոշվեն լավագույն հայկական կայքերը: Մեր ավանդական գործընկերների` Maeutica-ի և ISOC-ի հետ մեր երջանիկ ենք հայտարարել երրորդ ArmNet-ի մեկնարկը», ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
«1997թ. ի վեր Հայաստանի Ինտերնետ Հանրություն ՀԿ-ն կառավարում է ինտերնետի Հայաստանյան դոմենը և իրականացնում տարբեր ծրագրեր ոլորտը զարգացնելու համար:
Մեզ համար այսօր մեծ հետաքրքրություն է մասնակցել և աջակցել վեբ կայքերից լավագույնների գնահատմանը: Իսկ ArmNet կոնֆերանսում տեղական և միջազգային տարբեր փորձագետների հետ մի ամբողջ օրը թույլ կտա ոչ միայն փոխանակել առկա փորձը, այլ նաև համատեղ նոր գաղափարներ ստեղծել: Այսպիսի նախագծերը կարևորագույն դեր են խաղում Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման և առաջխաղացման գործում», ասաց ISOC AM-ի նախագահ Իգոր Մկրտումյանը:









































