«Ժողովուրդ»-ը գրում է. ««Քաղաքաշինության ՕԵԿ-ական փոխնախարար Անուշավան Այվազյանը շարունակում է մնալ և կուսակցությունում, և պաշտոնում։ Նա երեկ մասնակցում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում անցկացվող՝ ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի նիստին։
«Ժողովուրդ»-ը Այվազյանից փորձեց ճշտել, թե դուրս է եկել ՕԵԿ-ից. «Ես հեռախոսով հարցերին չեմ պատասխանում»,– ասաց փոխնախարարը, ապա նշեց, որ նախարարությունում կա լրատվության բաժին։ Ստացվում է, որ ՕԵԿ-ը թաքուն պահպանում է պաշտոնները կառավարությունում։
Տավուշի մարզպետի տեղակալ, «Օրինաց երկիր» կուսակցության Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Վահե Վարդապետյանը նույնպես շարունակում է պաշտոնավարել։
Նշենք, որ Վահե Վարդապետյանը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խնամին է. Վահեի դուստրը մարզպետի կրտսեր որդու կինն է։
Հանրապետական մամուլում նաև տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ազատվելու է պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվելու է Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար, Աժ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը։
Սակայն «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ Հայաստանի ամենաերկարակյաց մարզպետ, ավելի քան 15 տարի Տավուշի մարզը ղեկավարող Արմեն Ղուլարյանը մտադիր չէ այլ աշխատանքի անցնել, իսկ նրան պաշտոնից ազատելու մասին լուրերը հավաստի չեն»,–գրում է թերթը։»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։











































