Ռուսամետ ցուցարարների գործողությունների պատճառով իրավիճակի ապակայունացումը կարող է խափանել ընտրական գործընթացը՝ կարծում է ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
Նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են մայիսի 25-ին, հնարավոր չի լինի կազմակերպել երկրի բոլոր տարածաշրջաններում՝ հայտարարել է Ավակովը BBC-ի հետ հարցազրույցում:
Նա, սակայն, ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահի ընտրությունները ցանկացած դեպքում կկայանան:
Ավակովը նաև հայտարարել է, որ Ուկրաինայում առաջացած ճգնաժամային իրավիճակը չի կարելի ուժով լուծել՝ ընդգծելով, որ իշխանությունները պետք է շարունակեն խոսել «հեղափոխությունից ցնցված» մարդկանց հետ:
Նախարարի խոսքով՝ «ռուսական իմպերիալիզմը» ապակայունացնում է իրավիճակը՝ թույլ չտալով Ուկրաինայի իշխանություններին օգնել երկրի արևելքի մարդկանց հաղթահարելու շոկը:
Ավակովն այդ հայտարարություններն արել է Լոնդոնում, որտեղ ապրիլի 29-30-ն անցկացվում է հանդիպում, որին ուկրաինական կողմն ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ քննարկում է գողացված և արտերկիր դուրս բերված ուկրաինական ակտիվների վերադարձի հարցը:










































