Սևանի հիմնախնդիրը կարևորագույն խնդիր է, իսկ ջրի բացթողումն այսօր օրվա խնդիր է լուծում և գիտականորեն հիմնավորված չէ: Ապրիլի 28-ի ազգային ժողովի նիստում՝ «Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ Սևանի մակարդակը վերջին 6 տարիների ընթացքում իջել է 16 անգամ. 2002 -2005թթ. Սևանի մակարդակը բարձրացել է 12 սմ-ով, 2005-2008-ին՝ 23 անգամ, իսկ վերջին երկու տարիներին՝ ընդամենը 3 մետր, ինչն ապացուցում է, որ վերջին տարիներին Սևանի մակարդակի բարձրացման համալիր ծրագրերը ոչ մի օգուտ չեն տվել:
Քննարկվող օրենքը, ըստ պատգամավորի, ոչ թե լուծում է Արարատյան դաշտավայրի հողերի ոռոգման հարցը, այլ Սևանի ափին կառուցված շինությունների պահպանման խնդիրը: «Այս նախագիծը բիզնես ծրագիր է և մի քանի ընտանիքների բիզնեսի խնդիրներ է լուծում, մինչդեռ այս խնդիրների լուծման համար տարիներ առաջ համալիր ծրագիր էր մշակվել:
Ջրային պաշարների պահպանման համար շուրջ 200 ծրագիր է իրականացվել, որից 35 ծրագիր մասամբ կամ ամբողջությամբ նվիրված է եղել ջրային տնտեսության կամ ջրային համակարգերի պահպանմանը: Դրանց գումարը կազմել է 712 մլն դոլար, հիմա մի հատ էլ ծրագիր կա, որի գումարը կազմում է 30 մլն դոլար, որի մեծ մասը ծախսվում է ուսումնասիրությունների, դասընթացների վրա: Այսինքն՝ մեր չինովնիկները փող են աշխատել և՛ Սևանից ջուր բաց թողնելու, և՛ Սևանի ջուրը պահելու համար»,- ասաց նա:
ՀԱԿ պատգամավորը գործընկերներին ներկայացրեց դեռևս մեկուկես տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանի տված խոստումը, որ իրենք պատրաստվում են կառուցել Եղվարդի, Քաղսիի և Վեդիի ջրամբարները:
Մանուկյանը տեղեկացրեց, որ ջրամբարների կառուցման վերաբերյալ դիմել է կառավարությանը և ստացել հետևյալ պատասխանը՝ Եղվարդի, Քաղսիի, Վեդիի ջրամբարների համար նախատեսված նախագծեր չկան, և կառուցման աշխատանքներ չեն տարվում:
Ամենազավաշտալին, ըստ պատգամավորի, այն է, որ կառավարությունն իր պատասխանի մեջ նշել է, թե Քաղսիի ջրամբարի մասով անհրաժեշտ է հստակեցնել տվյալ ջրամբարի գտնվելու վայրը: «Սա է կառավարության ծրագիրը, որը ոչինչ չի արել: Եվ հիմա եկել, նեյնիմ եք անում, որ խնդիրներ կան, ու ստիպված եք ջուր բաց թողնել… Է, էս խնդիրները լուծեք, որ ջրի բացթողնման խնդիրներ չլինեն»,- ասաց նա:




































