Քրեական աշխարհի վերջին երկու աղմկահարույց դեպքերին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ քրեագետ Սերգեյ Գալոյանը: Խոսքը վերջերս Մոսկվայում ձերբակալված «օրենքով գող» Արտյոմ Սարատովսկու (Արտյոմ Սարգսյան) ձերբակալության ու Օշականցի Գևորիկի ու երրորդմասցի Լյովիկի մասնակցությամբ դեպքերի մասին է:
Գալոյանի խոսքով՝ ինքը «բախտ է ունեցել» հանդիպել Արտյոմ Սարգսյանի հետ դեռ մինչ նրա «գող» դառնալը ու իր ծանոթներից մեկի տանը նրանից ստացել է «շատ լավ տպավորություն»: Քրեագետը խորհուրդ տվեց այդքան էլ չվստահել ռուսական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությանը, որոնց հաղորդմամբ՝ Սարգսյանի մոտ հայտնաբերվել է թմրանյութ, իսկ հետո էլ նրան մեղադրել են սպանության համար: Գալոյանը խորհուրդ տվեց չշտապել եզրակացությունների հարցում: «Սպասենք, շատ չշտապենք: Ռուսական կայքերն այնքան էլ վստահելի չեն: Դա արվում է ռուսական մամուլի միջոցով, ասում են՝ գործում շահագրգրված է Դաթո Կուադլան»,- ասաց Գալոյանը՝ նշելով, որ ինքն իր կապերով փորձելու է իմանալ ձերբակալության մասին ճշմարտությունը:
Ինչ վերաբերում է «օրենքով գող» Օշականցի Գևորիկի շուրջ տարածված լուրերին, ապա քրեագետը կարծիք հայտնեց, որ թեև ինքը իրադարձություններին ներկա չի եղել, սակայն կարող է ասել՝ հեռախոսազրույցի ընթացքում անհամաձայնություն է եղել: «Ինձ թվում է՝ հարցն արդեն լուծվել է կամ լուծվելու վրա է»,- համոզմունք հայտնեց Գալոյանը՝ ընդգծելով, որ հակառակ պարագայում արդեն որոշ իրադարձություններ պետք է տեղի ունեցած լինեին:
Անդրադառնալով կրիմինալի ու քաղաքականության կապին՝ քրեագետը առնվազն միամիտ համարեց այն մարդկանց, որոնք կարծում են, թե կրիմինալը կապ չունի իշխանական օղակների հետ:
«Հին Հռոմից մինչև մերօրյա Ադրբեջան կրիմինալը կապված է իշխանության հետ, ու իշխանության են գալիս կրիմինալի միջոցով»,- հայտարարեց քրեագետը:
Նա դժգոհություն հայտնեց, որ այսօր մեզանում «լղոզվել է «գողական» հասկացությունը», քանի որ անգամ Երրորդ մասի շուկայում կանգնած՝ գրպանում ժանգոտած դանակ ունեցող տղան էլ է իրեն «գողական» համարում:
Նրա խոսքով՝ հիմա երիտասարդները քիչ պատկերացում ունեն իսկական գողական աշխարհի մասին՝ այդ մասին պատկերացումներ են կազմում սերիալներից ելնելով: Դրա փոխարեն խորհուրդ տվեց գրքեր կարդալ:
Քրեագետը խորհուրդ տվեց գողական սերիալներ քիչ նայել: «Դրանք կա՛մ ռոմանտիկ են ներկայացնում «օրենքով գողերին», կա՛մ ծիծաղելի»,- խոսքը եզրափակեց քրեագետը:
Լուսանկարը՝ Armenpress-ի










































