Ազգային ժողովն ապրիլի 28-ին իր աշխատանքները սկսեց համալրված կազմով: Հերթական քառօրյային ներկա էին ՀՀԿ-ական պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Վահրամ Մկրտչյանը և Լեռնիկ Ալեքսանյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ալեքսանյանը նշեց, որ աշխատանքի է եկել նորմալ, աշխատանքային տրամադրվածությամբ: Տրամադրությանը, ըստ պատգամավորի, նպաստում է աշխատանքը: Հարցին՝ նոր թիմի հետ աշխատելը հե՞շտ է լինելու, նա պատասխանեց, որ թիմը նոր չէ: «Ավելացել, պակասել է, բայց կմախքը նոր չէ, ինձ համար էլ աշխատանքը նոր չէ, տրամադրվել եմ, որ աշխատեմ:
Սովորաբար մեր բանավեճերը գնում են կուսակցության նիստում, խմբակցության, եթե ասելիք եմ ունենում՝ ասում եմ և՛ կուսակցության նիստում, և՛ ամբիոնից, սակայն, բնականաբար, ամբիոնից արդեն թիմը պիտի կողմնորոշված լինի, իսկ բանավեճեր, առարկություններ սովորաբար լինում են հենց խմբակցության նիստում»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք՝ խորհրդարանի նախագահի պաշտոնին ներկայացված թեկնածուի՝ Գալուստ Սահակյանի աշխատանքից ի՞նչ ակնկալիքներ ունի, նա տեսակետ հայտնեց, որ Սահակյանը փորձառու մարդ է,աշխատանքները նորմալ կկազմակերպի: «Այդպես եղել է, նույն ձևով կշարունակվի, թիմից է կախված: Թիմը ճանաչում է իրեն, ինքը՝ թիմին, կարծում եմ՝ աշխատանքները նորմալ կվարի»,- ասաց նա:
Ալեքսանյանը, որ առաջին անգամ չէ իբրև պատգամավոր ներկա խորհրդարանում, նշում է՝ ԱԺ բոլոր գումարումներում էլ եղել են շրջաններ, երբ լարված է եղել, իրավիճակը բարդ է եղել, բայց դա ժամանակավոր էր, իսկ ռազմավարական առումով բարդ շրջան նա չի տեսել:
Այն, որ ՕԵԿ-ը հանդես է գալիս իբրև ընդդիմադիր, այն է՝ ընդդիմադիր դաշտը համալրվում է, պատգամավորի համոզմամբ՝ չի բարդացնում մեծամասնության աշխատանքը: «Համալրված է, բայց դեռ ձևավորված չէ: Աշխատելը բարդ չէ, ինձ համար կոնկրետ բարդ չէ»,- ասաց նա:











































