Մինչ ներկա կառավարությունը փորձում է գոնե ժամանակավոր մարել «Պարտադիր կուտակային կենսաթոշակի» կիրառմանն առնչվող բողոքի ալիքը, բողոքի նոր ալիք է բարձրանում կառավարության տնտեսական նոր քաղաքականության դեմ:
Խոսքը կառավարության նիստում ընդունված «ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» օրենքի նախագծի մասին է, որով սահմանվում է, որ տնտեսվարողները 10 միլիոնից մինչև 500 միլիոն դրամ վճարելով ՊԵԿ-ի «զարգացման ֆոնդին»` կարող են իրենց մոտ ստուգում պատվիրել և ՊԵԿ-ի իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար տնտեսվարողները տույժ-տուգանքների չեն ենթարկվի և պետբյուջե կվճարեն միայն խախտման պատճառով չվճարած գումարը: Երեկվանից Facebook-ում ակտիվ քննարկվում է առաջարկվող փոփոխությունը՝ արժանանալով ոլորտի ներկայացուցիչների քննադատությանը:
«Նախ` ստացվում է, որ հարկային մարմինը իրականացնելու է ձեռնարկատիրական գործունեություն: Այդ դեպքում անհասկանալի է սեփականության ձևից կախված տարբերակված մոտեցման կիրառությունը, մասնավորապես ավելացված արժեքի հարկի գծով նշված ծառայությունների մասով արտոնության տրամադրման հարցը: Մյուս կողմից` եթե պետական մարմինն այսուհետ իրականացնելու է ձեռնարկատիրական գործունեություն, ապա ինչո՞ւ է նման իրավասություն վերապահվում միայն պետական մարմնի»,- նախագծի կապակցությամբ հարց է բարձրացնում «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ն՝ շարունակելով. «Ստացվում է, որ այսօրվա գործող դրույթի շրջանակներում իրականացվող ծառայությունները օրենքի ընդունման դեպքում լինելու են վճարովի, ըստ էության` ի հաշիվ պետական բյուջե գանձվող տուգանքների: Միաժամանակ, պահպանվելու են հարկային մարմնի զարգացման ֆոնդին պակաս հաշվարկված հարկերի 10 տոկոսի չափով մասհանումների գումարները»:
ՀԿ-ի տեղեկություններով՝ ոչ պետական մարմիններին են վերապահվում հարկերի հաշվարկման և գանձման գործառություններ: «Սակայն նման գործառույթներ վերապահվում են այն հարկատեսակների գծով, որոնց դեպքում պետության կողմից կատարվող վարչարարական ծախսերը մեծ են և չեն արդարացվում պետության կողմից դրանց նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթները: Մասնավորապես` գույքահարկային հարկերի հավաքագրումը որոշ երկրներում վերապահվում է մասնավոր ընկերությունների: Վճարի նվազագույն գումարը 10 մլն դրամ լինելու դեպքում, 15 աշխատանքային օր ստուգում իրականացնելու դեպքում, նախագծի պայմանները բավարարող խոշոր չհամարվող հարկ վճարողը յուրաքանչյուր օրվա համար պետք է վճարի 666 հազար դրամը գերազանցող վճար: Չենք կարծում, որ գործող օրենսդրության շրջանակներում իրականացվող հարկային ստուգումների ծախսերը մոտ են այդ գումարի չափին»,- նշում են ՀԿ ներկայացուցիչները:
Ըստ հարկատուների` եթե այլընտրանքային հարկային ստուգման իրական նպատակն է նպաստել հարկ վճարողներին, թեկուզև վճարի դիմաց, հայտարարագրելու իրական հարկային պարտավորությունները, ապա նախ պետք է հարկային օրենսդրության դրույթները լինեն հստակ` ինչպես հարկ վճարողների, այնպես էլ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց համար: «Այս դեպքում միայն կարծում ենք, որ անհրաժեշտ է քննարկել այլընտրանքային հարկային ստուգման, ըստ էության հարկային խորհրդատվության, համակարգի նպատակահարմարության հարցը:
Եթե նման համակարգի ներդրումը կարող է նպաստել պետական բյուջե մուտքագրվող հարկերի մեծության վրա, ապա կարծում ենք, որ գործող օրենսդրության շրջանակներում, հարկ վճարողների դիմումի հիման վրա, առանց ծառայության վճարի գանձման, ստուգումների իրականացման պրակտիկայի դեպքում կարելի է կիրառելի դարձնել տուգանքներից ազատման մոտեցումները կամ օրենքով սահմանել, որ այդ դեպքերում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի դրույթները չեն կիրառվում»,- առաջարկում են հարկ վճարողները:
ՀԿ-ի ներկայացուցիչները նկատում են` «չնայած նախագծով սահմանված է, որ վճարը ծառայության դիմաց է, սակայն վճարի հաշվարկման չափորոշիչները չեն առնչվում ստուգման ժամանակի, գործարքների քանակի և ծառայության փաստացի ծավալ բնութագրող այլ չափորոշիչների հետ: Վճարի չափի հաշվարկման նախագծով նախատեսված չափորոշիչները հուշում են, որ հարկ վճարողը ձեռք է բերում ստուգված լինելու իրավունք»: Այլ կերպ ասած` հարկ վճարողը որոշակի գումարի դիմաց ապահովագրում է իր հարկային ռիսկերը:
Ուստի «Այլընտրանքային ստուգումների մասին» օրենքի ընդունման դեպքում կարող են էապես կրճատվել ստուգումներով պայմանավորված պետական բյուջե տուգանքների տեսքով մուտքագրվող գումարները: Այլընտրանքային հարկային ստուգման ներդրման դեպքում պարտադիր-կամավոր սկզբունքի կիրառության արդյունքում, վճարի մեծությունը` վճարի տեսքով հարկային բեռը հարկ վճարողների համար էական ֆինանսական հետևանքներ կարող է առաջացնել:









































