2011 թ. միջին հաշվով մեկ արդյունաբերական ձեռնարկությունում մեկ աշխատողի աշխատանքի արտադրողականությունը կազմել է օրական 60-65 դոլար, փոքր և միջին արդյունաբերական ձեռնարկություններում՝վ 40-45 դոլար: Եթե 18 հազար դրամից հանում ենք հարկերն ու բոլոր մյուս վճարումները, մնում է 3-4 հազար դրամ: Պետք է հաշվի առնենք գնաճի ցուցանիշը և ձեռնարկությունների շահութաբերությունը: Այս ամենը համադրելիս կտեսնենք, որ այդ գումարը բավարար չէ ապրելու համար: Շահութաբերության ցածր մակարդակով գործատուն չի կարող գումար տալ, աշխատողը՝ աշխատել, դրա համար էլ դուրս են գալիս գործից: Օրինակ, համարժեք որակի աշխատուժի պակաս կա ՏՏ ոլորտում: Նման վերլուծություն է արել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում՝ խոսելով աշխատատեղեր չլինելու մասին։
«Կառավարության այսօրվա սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունքում առաջարկն ու պահանջարկն իրար չեն բռնում: Կտրուկ պետք է աշխատանքի արտադրողականությունը բարձրացնել: Պետք է պայմաններ ստեղծել տեխնիկական վերազինման համար, որպեսզի հասնենք կառավարության նշած արդյունքին»,- ասել է պատգամավորը:
Անդրադառնալով կենսաթոշակային կուտակային համակարգի անցմանը, որի շուրջ քննարկումներ էին ընթանում ԱԺ անցած քառօրյայում, Միքայել Մելքումյանը նշել է. «Ես կողմ եմ կենսաթոշակային բարեփոխումների, բայց ամեն ինչ ունի իր ժամանակն ու ձևը: Մենք կողմ ենք կամավոր կուտակայինին և դեմ քվեարկեցինք պարտադիրին»: Ամենացածր աշխատավարձ մեր երկրում ստանում են մշակույթի և առևտրի ոլորտի աշխատողները, և եթե պետությունը պարտադրում է կուտակայինի անցնել և այդ ցածր եկամտից 5 տոկոս տանում է կուտակային ֆոնդ, այդ մարդկանց գնողունակ պահանջարկն իջնում է: Բացի այդ, չկա երաշխիք այդ գումարների շրջանառության»:
Միքայել Մելքումյանը նշել է, որ 2013 թ. Պետբյուջեի նախագծի շուրջ ևս ԲՀԿ-ն արմատական մտահոգություններ ունի: Ունեն առաջարկներ, որոնք կներկայացնեն ԱԺ քննարկումներում, որից հետո էլ կներկայացնեն կուսակցության պաշտոնական դիրքորոշումը:












































