Turkish Airlines ավիաընկերության Ստամբուլ-Թբիլիսի ավիաչվերթը չեղյալ է հայտարարվել ուղևորի կողմից ռումբի մասին հաղորդագրությունից հետո, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Ինքնաթիռի անձնակազմը որոշում էր կայացրել չվերթը դադարեցնելու վերաբերյալ այն բանից հետո, երբ ֆուտբոլի երիտասարդական հավաքականի մարզիկը հաղորդել էր, թե իր ժամացույցում ռումբ կա: Բորտ-ուղեկցորդուհին այդ մասին հաղորդել է անձնակազմին, որն էլ իր հերթին՝ ոստիկանությանը:
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 16-ամյա մարզիկին և մի քանի ժամ հարցաքննել:
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները՝ ներկա դրությամբ երիտասարդական հավաքականը ամբողջ կազմով վերադարձել է Թբիլիսի:









































