Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կազմավորման 60-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ հանդիսությունը սկսվել է հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված պետական պահպանության աշխատակիցների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի բացման արարողությամբ: Հուշակոթողն օծեց Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը:
Զոհվածների հուշակոթողին ծաղիկներ են դրել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, զոհվածների հարազատներն ու գործընկերները:
Շնորհավորելով պետական պահպանության գլխավոր վարչության կազմավորման 60-ամյակի կապակցությամբ՝ ոստիկանության պետը հատկապես ընդգծեց օրվա ամենակարևոր խորհուրդը՝ հավերժ է նրանց հիշատակը, ովքեր իրենց արյամբ ավելի սրբացրին մեր հողը: «Մենք ոչ միայն կոթողներ պիտի կառուցենք, այլև արժանին մատուցենք մեր զոհված զինակիցների հիշատակին ու դրանով դաստիարակենք մեր սերունդներին»,- ընդգծեց ոստիկանության պետը: Իսկ պետական պահպանության գլխավոր վարչության բարենորգված շենքի բացման արարողության ժամանակ ժապավենը կտրելու պատիվը տրվել է զոհված ոստիկաններից մեկի մորը:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շրջել է վարչության տարածքում, եղել հրաձգարանում, ծանոթանացավ տեխնիկական միջոցներին, դիտեց պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների ցուցադրական վարժանքները: Նա իր գոհունակությունը հայտնեց ծառայողների մարտական պատրաստականության, կատարված աշխատանքի կապակցությամբ:
Այնուհետև տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որի ընթացքում ոստիկանության պետի հրամաններով պարգևատրվել են պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոման Մկրտումյանը և մի շարք աշխատակիցներ: Պետական պահպանության գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ էլ պարգևատրվեցին ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի կողմից:
Հանդիսավոր նիստն ավարտվել է պետական պահպանության գլխավոր վարչության 60-ամյա ուղու մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ:








































