Ուկրաինայում դիմումների զանգվածային դեպքեր են արձանագրվել, որոնցում իբր հիվանդ ընտրողները խնդրում են թույլատրել քվեարկել տանը: Ընդդիմությունը գլխավոր դատախազությանը խնդրում է հետաքննել ընտրությունների նախօրեի «համաճարակի» պատճառները:
Միասնական ընդդիմության կենտրոնական ընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովի խոսքով` ընտրողների դիմումներից և բժշկական տեղեկանքներից դատելով` վերջին մի քանի օրերին Ուկրաինայում 250 000 մարդ է «հիվանդացել»: Նրա խոսքով` «հիվանդների» թիվն օրեցօր աճում է:
«Մենք տնից քվեարկելու թույլտվություն ստանալու համար հիվանդությունների կեղծման շատ փաստեր ունենք»,- ասել է ընդդիմության ներկայացուցիչը:
«Ներկայացված բոլոր դիմումները կարծես պատճենահանված լինեն, նույնիսկ` նույն ձեռագրով գրված: Մենք անգամ մի քանի դեպք ենք հայտնաբերել, երբ «հիվանդացել են» մի քանի տարի առաջ մահացած մարդիկ»,- Տուրչինովի խոսքը մեջբերում է Интерфакс-ը:
Ստուգմամբ հայտնաբերվել են մարդիկ, որոնք այդպիսի դիմում չեն գրել, պոլիկլինիկաներից տեղեկանք չեն վերցրել և զարմացել են, որ իրենք արդեն մի քանի օր է` հիվանդանոցում են: Երբեմն տեղեկանքները կնքված են եղել այնպիսի պոլիկլինիկաների անուններով և հասցեներով, որոնք արդեն գոյություն չունեն»:
Քաղաքական գործիչը նշել է, որ ստորաբար և ցինիկորեն են պատրաստվում քվեարկությունը կեղծելու հիմքերը:












































