Գեղարքունիքի մարզի երեք համայնքներում՝ Տորֆավանում, Վանևանում և Ծովակում, բնակչության շրջանում սիբիրյան խոցի դեպքեր հայտնաբերելուց հետ արդեն երկու օր է՝ հայտարարվել է կարանտին: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ, ընդհանուր առմամբ, մարզում սիբիրյան խոց ախտորոշմամբ և կասկածով հոսպիտալացվել է 33 հիվանդ, որոնցից 8-ը Մարտունու ինֆեկցիոն հիվանդանոցում դեռևս բուժում են ստանում:
Մարզպետի տեղեկացմամբ՝ վերոնշյալ երեք համայնքներում խստացված վերահսկողություն է սահմանվել մասնագետներից բաղկացած հանձնաժողովի կողմից: Առողջապահության նախարարության, սննդի անվտանգության և անասնաբուժական ծառայությունների մասնագետները նշված համայնքներում հակահամաճարակային և կանխարգելիչ գործողություններ են իրականացնում: Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ հիվանդության պատճառով մարզում կենդանիների զանգվածային անկման դեպքեր չեն գրանցվել: «Մեկ-երկու անկում է եղել անասունների մոտ, ինչը սովորական երևույթ է, առանց այդ հիվանդության էլ լինում է»,- ասաց նա:











































