Միացյալ Նահանգների բանտերը «գերբնակեցված են»: Այս մասին հաղորդում է բրիտանական The Daily Mail պարբերականը:
Պարբերականի տեղեկացմամբ` 100 հազար բնակչության դիմաց դատապարտյալների թվով այդ երկիրը զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը: Իրավիճակն առավել ծանր է Կալիֆոռնիայում. այստեղ բանտերը նախատեսված են 80 հազար դատապարտյալների համար, մինչդեռ իրականում այնտեղ իրենց պատիժն են կրում 2 անգամ շատ բանտարկյալներ: Պարբերականը հայտնում է, որ մահճակալներն արդեն տեղադրում են մարզասրահում:
Փորձագետների խոսքերով՝ այդպիսի իրավիճակը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների՝ բռնության մեծացման և զանգվածային անկարգությունների: ԱՄՆ-ի Գերագույն դատարանն անգամ խոստովանել է, որ այդ պայմանները հակասում են ԱՄՆ Սահմանադրությանը, և Կալիֆոռնիայի իշխանություններին կարգադրել է ազատ արձակել 30 հազար բանտարկյալների: Սակայն հեռանկարում այդ խնդիրը լուծելու ծրագրեր առայժմ չկան:









































